Հայաստանն անընդունելի է համարում Թուրքիայի մասնակցությունն ու միջնորդական առաքելությունը Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում: Այս մասին օգոստոսի 11-ին լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ որպես միջնորդ՝ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան հակամարտության հարցում, քանի որ արդեն 20 տարուց ավելի իր ապակառուցողական վարքով Հայաստանին շրջափակել է եւ մշտապես խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ անօրինական գործողությունները:

«Ղարաբաղի հարցում ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միջեւ գոնե բացահայտ հակասություններ չկան: Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումը առաջինը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը»,- ասել է Շարմազանովը:

Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հիշեցրել է Շարմազանովը, ուղիղ նշել է, որ ռուսական կողմը չի ողջունում բանակցային գործընթացին Թուրքիայի մասնակցությունը:

«Թուրքիան անելիք չունի Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում: Դա է Հայաստանի դիրքորոշումը, քանի որ Թուրքիան մշտապես ունեցել է ադրբեջանամետ դիրքորոշում: Ավելին՝ ապրիլյան պատերազմից հետո Թուրքիայի իշխանությունների վարքագիծը հանցավոր էր, քանի որ արդարացրել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի իշխանությունների ահաբեկչական գործողությունները: Եվ եթե Թուրքիան խոսում է տարածքների վերադարձի մասին, կարող եմ նշել այն տարածքները, որոնց վերադարձմանը Թուրքիան կարող է աջակցել՝ Գետաշեն, Մարտունաշեն, Շահումյան (թող ազդի Ադրբեջանի վրա, որպեսզի այդ տարածքները վերադարձվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը) եւ Կիպրոսի տարածքի 38 տոկոսը, որն օկապացրել է Թուրքիան ինքը»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի եւ Թուրքիայի առաջարկներում նմանություններ կան, եւ Անկարան միջնորդական դերակատարմանը պատրաստ է: