Սարի թաղում հուլիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված Գարիկ Առուստամյանի հարազատների բողոքից հետո նրանք տեղեկություն են ստացել, որ Գարիկի գործով հետեւողականորեն զբաղվում են ու չի բացառվում, որ նա  շուտով ազատ արձակվի:

«Խոստացել են, որ ազատ կարձակվի շուտով: Եթե ազատ չարձակվեց, իհարկե, բողոքի ակցիաներ կանենք, կփակենք ճանապարհը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գարիկի եղբայրը` Գեւորգը` նշելով, որ մի քանի օր կսպասեն:

Հիշեցնենք, որ նիզամեցիները օգոստոսի 9-ին հավաքվել էին գյուղի կենտրոնում եւ բողոքի ակցիա էին անցկացնում:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նիզամի գյուղում բնակվող Գարիկը ընկերոջ հետ գնացել էր Սարի թաղ՝ քրոջը տուն բերելու, երբ հայտնվել էր իրադարձությունների կենտրոնում: Ընկերը՝ Պետրոս Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ ոստիկաններն իրենց թույլ չեն տվել մեքենայով դուրս գալ Սարի թաղից, դուրս են բերել մեքենայի միջից, ծեծի ենթարկել թե իրենց երկուսին, թե Գարիկի քրոջը, ինչից հետո Գարիկը երկու օր անցկացրել էր վերակենդանացման բաժանմունքում, ապա կալանավորվել: 

Գարիկ Առուստամյանին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը, որը պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով: