Քառօրյա պատերազմում ողնաշարի վնասվածք ստացած պայմանագրային զինծառայող Հայկ Սեխիլյանին Կարմիր խաչի «Քրոսս» առողջության վերականգնողական կենտրոնի աշխատակիցները միեւնույն ձեւով են բնութագրում. համառ զինվորը, որը 4 ամսում սկսեց հենակներով քայլել, հաստատակամ տղան, որն ամբողջ օրը պարապում է, որ օր առաջ դուրս գրվի եւ վերադառնա ծառայության:
Հայկ Սեխիլյանը մյուս վիրավորներից տարբերվում է իր ուրախ տրամադրությամբ ու անկոտրում կամքով: Դժվարությամբ տեղաշարժվելն այս զինվորին բնավ չի ընկճում: Ինչպես ինքն է ժպիտով ասում, շուտով ծառայության է վերադառնալու:
«Երբ եկա այս կենտրոն, ինձ ասացին, որ վեց ամսից ոտքդ թեթեւակի շարժես, շատ լավ կլինի: Բայց դեռ 4 ամիս չկա այստեղ եմ ու հենակներով քայլում եմ արդեն»,- հպարտությամբ ասում է Հայկ Սեխիլյանը:
Հայկը վիրավորվել է ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը գրադի ականի պայթյունից: Նրան անմիջապես տեղափոխում են Ստեփանակերտ, ապա Երեւան, երկու տեղում էլ վիրահատվում է, իսկ արդեն ապրիլի 18-ին տեղափոխվում վերականգնողական կենտրոն: Սկզբնական շրջանում անշարժ պառկած էր, ոտքերը շարժել չէր կարողանում: Կամաց- կամաց բժիշկների օգնությամբ նա սկսում է ոտքերը շարժել: Երբ առաջին անգամ նստել է, բոլորը շատ են ուրախացել: Ավելի ուշ կանգնել է, հետո առաջին քայլն արել: Հայկի յուրաքանչյուր ձեռքբերում ընտանիքի եւ բժիշկների համար հրաշք է թվացել: Ամենամեծ հրաշքն առջեւում է:
«Ամբողջ օրը պարապում եմ, որ կարողանամ շուտ ոտքի կանգնել ու վերադառնալ ծառայության... Անպայման քայլելու եւ վերադառնամ ծառայության: Հիմա էլ եմ ծառայության մեջ, պարզապես բուժվում եմ այստեղ»,- նշում է զինծառայողը:
Հայկ Սեխիլյանը Զինված ուժերում ծառայում է արդեն 10 տարի: Նախկինում թեթեւ վիրավորումներ եղել են, սակայն ոչ այս տեսակ: Ողնաշարի այս ծանր վիրավորումն էլ Հայկին շատ չի անհանգստացնում, ընտանիքին էլ ասել է՝ եթե մի անգամ մեկդ լացեք, այլեւս այստեղ չեք գա: Վիրավոր զինծառայողը որդի ունի՝ 9 եւ 8 տարեկան: Զինվորակա՞ն են դառնալու, հարցնում եմ ես, Հայկը լռում է, ապա խոսում. «Դեռ փոքր են»:
Հայկ Սեխիլյանի բժշկուհի Նարինե Զիլաբեկյանի խոսքով, դեռ հայտնի չէ, թե ինչքան կմնա իրենց կենտրոնում Հայկը: Ամեն դեպքում, բժշկուհին էլ է շեշտում՝ հրաշք է, որ նա արդեն հենակներով քայլում է, մնացածը ժամանակը ցույց կտա:
«Զինվորի տրամադրվածությունից էլ է շատ բան կախված: Հայկ Սեխիլյանը տրամադրված է շուտ ապաքինվելուն, ամեն ինչ անում է, որ շուտ ոտքի կանգնի ու ծառայության վերադառնա»,- ասում է Նարինե Զիլաբեկյանը:




























