Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Ֆինանսական հավասարեցման մասին» օրենքի նոր խմբագրման նախագծին: Կառավարության օգոստոսի 11-ի նիստին տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտնել է, որ օրինագծի նպատակն է` նպաստել հանրապետության քաղաքապետարանների միջեւ բյուջետային միջոցների արդար բաշխմանը:
Օրենքի հին տարբերակն ընդունվել է 1998 թվականին եւ դրա հիմքում ընդամենը 2 սկզբունք կար` բնակչության թիվը եւ համայնքի եկամտային հնարավորությունները (խոսքը միայն տեղական հարկերի մասին է` հողի եւ եկամտի): Ծախսերի համամասնությունները չէին գնահատվում, եւ տարիների ընթացքում դոտացիաներում դիսբալանս էր առաջացել: Որոշ գյուղեր եկամտի ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան փոքրիկ քաղաքները, բայց, այնուամենայնիվ, ավելի շատ դոտացիա են ստանում: Օրինակ, Երեւանի մերձակա Արգավանդ գյուղում եւ սահմանամերձ, բայց հարուստ Վանանդ գյուղում եկամտի հնարավորությունները բնակչության շնչին ընկնող վերահաշվարկի համաձայն, առաջին դեպքում կազմում են տարեկան 11 հազար դրամ, իսկ երկրորդում` նույնիսկ 30 հազարից ավելի: Մյուս կողմից, փոքրիկ քաղաքներում, որտեղ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամբողջությամբ անհետացել է արդյունաբերությունը, օրինակ` Ապարանում կամ Վարդենիսում, եկամտի հնարավորությունները մեկ մարդու համար 2 հազար դրամից քիչ ավելի են:
Նոր օրենքն ավելի մանրամասն գործակիցներ կառաջարկի, որոնցով կհաշվարկվեն գյուղի կամ քաղաքի պահանջմունքները, մասնավորապես` հաշվի կառնվի թոշակառուների եւ մինչեւ 16 տարեկան երեխաների թիվը: Ինչպես նախկինում, հաշվի կառնվի գյուղի աշխարհագրական դիրքը: Լեռնային եւ բարձր լեռնային գյուղերը (որոնք գտնվում են 1700 – 2000 մ եւ ավելի բարձրության վրա) պետք է վառելիքի համար ավելի շատ դոտացիաներ եւ պետծառայությունների շրջանակում սնունդ ստանան: Վերջապես, նախատեսված է, որ 2017 թվականից սկսած, ցանկացած քաղաքապետարանի տարեկան բյուջեն չպետք է նախորդ տարվանից ցածր լինի:
«Մենք աստիճանաբար կանցնենք նոր համակարգին եւ այն ամբողջությամբ կներդնենք 2020 թվին: Ուզում ենք խորհրդարանին առաջարկել օրենքն ընդունել մինչեւ սեպտեմբերի վերջ, քանի դեռ չեն սկսվել 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումները», - նշել է Լոքյանը:





























