«Դատապարտյալների հիվանդանոցում» գտնվող, «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը վստահ է, որ ամեն ինչ լավ է լինելու եւ շուտով բոլոր խնդիրները լուծվելու են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մորաքույրը՝ տիկին Աննան: Նա նշեց, որ Թաթուլն ընտանիքի հետ բնակվել է Ռուսաստանում, այնտեղից վերադարձել էր մայիսին: Մորաքրոջ խոսքով՝ չնայած Թաթուլը Հայաստանում չի մեծացել, սակայն, միշտ կապված է եղել իր հայրենիքի հետ:
«Այստեղ բանակում էլ է ծառայել, բայց չեմ կարող ասել, թե ինչ կապ է ունեցել «Սասնա ծռերի» հետ եւ արդյոք նրանց միանալու համար էր Ռուսաստանից վերադարձել Հայաստան, մանրամասներին մենք տեղյակ չենք: Բայց գիտեմ, որ ինքը դրական է տրամադրված, մեզ հույս է տալիս միշտ, ասում է որ չանհանգստանանք, որ իր ծնողներին փոխանցեմ, որ ինքը լավ է»,-ասաց տիկին Աննան:
Մորաքրոջ խոսքով՝ Թաթուլ Թամրազյանի առողջական վիճակը առաջին օրվա համեմատ, արդեն լավ է:
Նշենք, որ Թաթուլ Թամրազյանը «Դատապարտյալների հիվանդանոցում» է: Նա օգոստոսի 6-ին երկու ամսով կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), 218-րդ հոդվածով՝ (պատանդ վերցնելը):
Թամրազյանը վիրավորվել էր հուլիսի 17-ին՝ ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհելու ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:





























