«Սասնա ծռերի» անդամ, ազատամարտիկ Արմեն Լամբարյանի ընտանիքը սոցիալապես ծանր պայմաններում է հայտնվել: NEWS.am-ի հետ զրույցում Արմեն Լամբարյանի մայրը՝ տիկին Փիրուզան նշեց, որ ազտամարտիկի 3 անչափահաս երեխաներին դժվարությամբ է կարողանում պահել, քանի որ բացի նպաստից ու թոշակից, եկամտի այլ աղբյուր չկա:
«Ես հիմա եկել եմ Երեւան Սպիտակից, ինչքան ժամանակ է չգիտեմ էլ նպաստն ու թոշակն ուշացնում են, թե զրկել են: Շատ վատ վիճակում ենք հայտնվել, անգամ Արմենին ուզում եմ պերեդաչի ուղարկեմ, չգիտեմ՝ ումից կարելի է 1000 դրամ խնդրել, մյուսից 2000, որ կարողանամ մի բան ուղարկել»,-ասաց նա:
Տիկին Փիրուզան նաեւ նշեց, որ Արմեն Լամբարյանը ծանր առողջական վիճակում է եւ նրան հարկավոր է անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալ:
Նշենք, ու Արմեն Լամբարյանի ընտանիքին օգնելու նպատակով օգոստոսի 10-ից սկսած Երեւանի Հյուսիսային Պողոտայում դրամահավաք է կազմակերպվել: Դրամահավաքը մեկնարկել է օգոստոսի 10-ին՝ տեւել է 17:00-22:00-ը, այն շարունակվել է նաեւ օգոստոսի 11-ին՝ ժամը 18:00-21:00-ը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):
Արմեն Լամբարյանը բնակվում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Նա 22 տարի եղել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ, սակայն մոտ մեկ տարի առաջ մի խումբ դաշնակցականների հետ լքել է ՀՅԴ-ն:





























