Ռուսաստանի համար այժմ գլխավորը սիրիական խնդրի լուծումն է: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնել է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը` անդրադառնալով այն հարցին, թե որոնք են Ռուսաստանի նպատակները իրանական եւ թուրքական ուղղություններով քաղաքականության ակտիվացման ոլորտում: 

Համապատասխանաբար, շարունակել է քաղաքագետը, Ռուսաստանի համար կարեւոր է առավելագույնս բարենպաստ պայմաններ ստեղծել սիրիական գործողության իրականացման համար: Ի պատասխան այն հարցին, թե արդյոք սիրիական հարցում ռուս-թուրքական համագործակցության հեռանկարներ կան, Խրամչիխինը նշել է.  «Անձամբ ինձ էլ դա հետաքրքիր է, որովհետեւ կողմերի դիրքորոշումները բավականին հակադիր են: Եվ այժմ շատ հետաքրքիր է, թե Թուրքիան որքան է պատրաստ զիջել, որովհետեւ Ռուսաստանը դա անելու առանձնահատուկ հիմքեր չի տեսնում»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հանդիպումը: Երկու պետության ղեկավարները պայմանավորվել են վերականգնել տնտեսական հարաբերությունները, ինչպես նաեւ քննարկել են սիրիական կարգավորումը: