Հունվար-հունիսի տվյալներով՝ հանրապետությունում ուղեւորափոխադրումների ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 1,1 տոկոսով: Ըստ որում՝ 1,1-1,8 տոկոսի սահմաններում անկում է գրանցվել հասարակական տրանսպորտի բոլոր տեսակներում՝ բացառությամբ օդայինի (0,2 տոկոս աճ):

Մարդատար տաքսիների առումով փլուզում է գրանցվել՝ ուղեւորափոխադրումների կրճատում գրեթե 17 տոկոսով: Ինչպես հայնի է, նախորդ տարվանից սկսած՝ հետընթաց է գրանցվում այնպիսի ոլորտներում, ինչպիսին են մեծածախ առեւտուրը, մի շարք վճարովի ծառայությունները: Այս պրոցեսը կարելի է կապել բնակչության մի հատվածի դրամական եկամուտների կրճատման հետ (արտերկրներից դրամական փոխանցումների հոսքի անկման պատճառով), ինչպես նաեւ արտագաղթով պայմանավորված: Սակայն հասարակական տրանսպորտը, բացի վերոհիշյալից, ունի նաեւ լրացուցիչ գործոն՝ մարդատար մեքենանաերի պարկի ավելացումը: Միայն 2007-2015 թվականների ժամանակահատվածում Հայաստան է բերվել մոտ 280 հազար մարդատար ավտոմեքենա: Հակառակ պրոցեսը՝ հանրապետության սահմաններից մեքենաների դուրսբերումն այնքան չնչին է (անցյալ տարի 120 մեքենա), որ կարելի է ուշադրության չարժանացնել:

Երեւանում ընդհանուր օգտագործման մեքենաներով (ներառյալ տաքսիներով) փոխադրվողների թիվը հաշվետու ժամանակաշրջանում աննշան ավելացել է՝ 1,0 տոկոսով: Սակայն անցյալ տարի գրանցվել է այս ցուցանիշի լուրջ անկում՝ 7,5 տոկոսով: Այսինքն՝ հաշվարկների համար հիմքն արդեն նշանավորվել է անկմամբ: Իսկ եթե որպես բազա դիտարկենք 2014-ի հունվար-հունիսի ցուցանիշը, ապա ուղեւորափոխադրումների թիվը կկրճատվի 6,6 տոկոսով:

Ընդհանուր առմամբ՝ մարզերում մեկ տարվա ընթացքում ավտոտրանսպորտի վիճակը նկատելիորեն վատացել է՝ փոխադրումների ծավալը նվազել է մոտ 10 տոկոսով: Ոչ բոլոր մարզերում է անկում գրանցվել. դրանցից չորսում գրանցվել է փոխադրումների աճ, ըստ որում՝ Սյունիքում երկնիշ՝ 32,3 տոկոսով: Սակայն գերակշռել են բացասական ցուցանիշներով մարզերը: Ըստ որում՝ ավտոտրանսպորտով ուղեւորափոխադրումների երկնիշ անկում է գրանցվել Լոռիում (33,6 տոկոս), Շիրակում (25,0 տոկոս) եւ Տավուշում (24,6 տոկոս):

Հասկանալի է, որ առանձնապես վստահություն չեն ներշնչում տրանսպորտային կազմակերպությունների հաշվետվությունները (ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի): Սխալ կլինի նաեւ երկնիշ անկումը բացատրել միայն «ստվերի» աճով կամ ավտոմեքենաների պարկի ավելացմամբ, սակայն պաշտոնական սուղ տեղեկատվությունը այդ հարցը պարզաբանելու հնարավորություն չի տալիս:

Սմբատ Գրիգորյան