Մոսկվայում ձերբակալվել է հայտնի քրեական հեղինակություն Նոդար Ալոյանը, որը հայտնի է «Նոդար թբիլիսցի» մականունով: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել Բելգիայում եւ Ֆրանսիայում հանցագործություններ կատարելու կասկածանքով, հայտնում է «Վեչերնյայա Մոսկվա»-ն:
«2016-ի օգոստոսի 10-ին Մոսկվայի կենտրոնում ՆԳՆ Գլխավոր վարչության աշխատակիցները Ռուսաստանի Ազգային գվարդիայի եւ ՆԳՆ Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցների աջակցությամբ ձերբակալել են Վրաստանի 37-ամյա քաղաքացի Նոդար Ալոյանին, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես «Նոդար թբիլիսցի»,- ասել է ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Նրա խոսքով՝ տղամարդու նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել հանցագործությունների համար, որոնք որակվել են որպես մաֆիոզ տիպի տրանսազգային հանցավոր խմբավորման ստեղծում: Բացի այդ, նրան մեղադրում են գողության, դրամաշորթության եւ փողերի լվացման մեջ:





























