Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է հեռուստահաղորդավար եւ փաստաբան Քեմալ Գյուլենին, որը Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկն է։

Նրան ձերբակալել են Քասթամոնու նահանգի գյուղերից մեկում՝ ազգականուհու տանը, որտեղ նա թաքնվում էր հուլիսի 15-ից, երբ երկրում պետական հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել։ Քեմալին տեղափոխել են անվտանգության շրջանային վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժին, հայտնում է Hürriyet–ը։

Քեմալ Գյուլենն աշխատում էր Samanyolu հեռուստաընկերությունում, որը պատկանում էր Ֆեթուլլահ Գյուլենի մեդիահոլդինգներից մեկին, ինչպես նաեւ իրավաբանական ծառայություններ էր մատուցում այդ հեռուստաընկերությանը։ Այս պահին Թուրքիայում փակել են իսլամիստ ընդդիմադրի հետ կապ ունեցող բոլոր լրատվամիջոցները։

Ավելի վաղ ձերբակալվել էր Աբդուլլահ Քորուջը՝ Գյուլենի մեկ այլ զարմիկը։