Բանգլադեշում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցը Ռուսաստան է փախել հեղաշրջման փորձին մասնակցության կասկածների հետեւանքով: Այդ մասին հայտնում է  Daily Star-ը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին:

Եվս մի աշխատակից` դիվանագիտական առաքելության գործերի հավատարմատարը, թաքնվել է ԱՄՆ-ում:  

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ դիվանագետը թուրքական դեսպանատան այն երեք աշխատակիցների թվում է եղել, որոնց Անկարան հետ է կանչել: Երկուսը, այդ թվում` գործերի հավատարմատար Ահմեդ Գուրբուզը, ԱՄՆ են տեղափոխվել: Ռուսաստան մեկնած դիվանագետն ամբողջ ընտանիքին իր հետ տարել է: 

Բանգլադեշի ԱԳՆ-ում աղբյուրները հայտնել են, որ Անկարան չեղյալ է համարել բոլոր երեք դիվանագետի դիվանագիտական անձնագրերը:  

Հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ էին կատարել: Հիմնական դիմակայությունը ծավալվել է Անկարայում եւ Ստամբուլում,    246 մարդ զոհվել է: