ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը պահանջում է փոխել կալանավորված Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Հովսեփ Խուրշուդյանի խափանման միջոցները:

«Չգիտեմ, ինչ եք այդտեղ հաշվում, քցում, բռնում, քննարկում, մի բան, սակայն, հաստատ գիտեմ` դուք չեք էլ պատկերացնում՝ ինչ վնաս եք տալիս մեր երկրի զարգացման ընթացքին: Փոխեք Դավիթի, Արմենի ու Հովսեփի խափանման միջոցները, պարոնայք, նրանք մեր երկրի քաղաքական ապագայի լույսերն են. երբ վաղը մեզնից ու ձեզնից որեւէ մեկի համար հարկ եղավ, այդ նրանք են էլի լինելու, որ փողոց են դուրս գալու, որ մեզ ու ձեզ պաշտպանեն անարդարությունից, ճնշումներից ու լկտիությունից:

Այստեղից` Արցախից, այնքան էլ չի հասկացվում, թե ինչու են տղաները անազատության մեջ պահվում: Գիտեմ միայն, որ նախաքննական փուլում անազատությունը երաշխիք է գործի քննությանը չխոչընդոտելու համար: Պարոնայք իրավասուներ, եթե երաշխիք է պետք, պատրաստ եմ վաղն իսկ վերադառնալ Երեւան եւ անազատության մեջ փոխարինել տղաներին մինչեւ գործի քննության ավարտը: Բաց թողեք նրանց, գրողը տանի, դուք ախր չեք էլ գիտակցում, ինչ եք անում:

Շնորհակալ կլինեմ ձեր դրական արձագանքի համար: Պատրաստ եմ հենց վաղն առավոտյան վերադառնալ Երեւան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավորը: