ՀՀ իշխանությւոնները կադրային փոփոխություններ են կատարում` դրանց պատճառների մասին հանրությանը չիրազեկելով: Այս մասին այսօր` օգոստոսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Կադրային փոփոխությունների ներկայացման ձեւը դիտարկելիս հերթական անգամ արձանագրում ենք, որ որեւէ հիմնավորում, որեւէ պատճառաբանություն չկա, թե ինչի համար է ՀՀ գլխավոր դատախազը, ԱԱԾ-ի պետի տեղակալը, ՀՀ ՊՆ գնդապետերը հեռացվել, կամ ինչի է Երեւանի ոստիկանապետը հեռացվում, բայց ներքին զորքերի հրամանատարը չի հեռացվում: Ես ավելի շատ հակված եմ նրան, որ Աշոտ Կարապետյանին համակարգից հեռացրին ոչ թե ելնելով այն հանգամանքից, որ իրեն ոչ պատշաճ է պահել, այլ այն կապված է իշխանության հարաբերություններում ներքին հարաբերությունների պարզաբանման հետ: Սա խոսում է մեր պետական ինստիտուտների ճգնաժամի մասին: Պետական համակարգն առավել շատ հարմարեցված է իշխանության դիրքերը պաշտպանելու, ոչ թե հանրային խնդիրները լուծելու»,-ասաց նա:

Իրավապաշտպանը նշեց, որ հուլիսյան իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը անմիջական կապ ունի ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հետ.

«Տրամաբանական կապ կա ապրիլյան պատեազմից հետո ստեղծված իրավիճակի եւ հուլիսյան իարադարձությոիններից հետո ստեղծված իրավիճակի միջեւ: Այդ ընթացքում եւս կադրային փոփոխություններ կատարվեցին, քրեական գործեր հարուցվեցին` կրկին հանրությանը չիրազեկելով պատճառների մասին: Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ ՀՀ նախագահը եւս հինգ օր որեւէ ուղերձ չհղեց հասարակությանը, նույնը կատարվեց նաեւ հուլիսյան դեպքերի ժամանակ: Եթե ապրիլյան պատերազմի ժամանակ հանրությունը համախմբվեց եւ լուրջ օգնություններ ցուցբերեց պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին, այս դեպքում, երբ հանրությունը փորձում է դրամահավաք կազմակերպել «Սասնա ծռերի» անդմաների ընտանիքներին օգնելու կամ մեկ այլ կալանավորի ընտանիքի օգնելու համար` խոչընդոտվում է»: