Երեւանի Ավան վարչական շրջանում օգոստոսի 8-ին «Մեդիալաբի» ղեկավար Մարիաննա Գրիգորյանի ավտոմեքենայի ապակին կոտրելով եւ ծաղրանկարները գողանալով, ՀՀ իշխանությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ ճնշում է գործադրվում անգամ հումորի, ազատ խոսքի եւ կարծիքի արտահայտման վրա: Այս մասին այսօր` օգոստոսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Առաջին անգամ տեսանք, որ նաեւ ծաղրանկարների նկատամամաբ է ճնշման գործիքը գործադրվում: Սա առաջին դեպքը չէ, երբ փորձել են ճնշում բանեցնել «Մեդիալաբի» նկատմամաբ: Ցուցահանդեսի կազմակերպման համար եւս տարածքի խնդիր էր առաջացել: Հումորը, ծաղրը, կարծիքի արտահայտումը եւս բռնության է ենթարկվում այսօր Հայաստանում»,-ասաց նա:
Իրավապաշտպանը նշեց, որ եթե ոստիկանությունը չբացահայտի մեքենանան վնասողներին եւ գողություն կատարողներին` ամբողջ պատասխանատվությունը կընկնի ոստիկանության վրա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 8-ի գիշերը Երեւանի Ավան վարչական շրջանում անհայտ անձինք կոտրել են «Մեդիալաբի» ղեկավարի ավտոմեքենայի հետեւի ապակին եւ գողացել ծաղրանկարները, որոնք ցուցադրվել էին Երեւանում տեղի ունեցած բացօթյա «Չ՛Արգելված» խորագրով ցուցահանդեսին։





























