Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին առաջարկել է տրանսպորտա-լոգիստիկ միջանցքների գաղափարը, որը հիմնված է ՌԳԱ-ի ակադեմիկոս Ալեքսանդր Նեկիպելովի «Միասնական Եվրասիա» առաջարկի վրա: Դրա էությունն այն է, որ ԵՄ-ն կապի Ասիական-Խաղաղօվկիանոսյան շրջանի հետ, ընդ որում առաջարկվում է աշխատանքներում ներգրավել ամերիկացիներին եւ եվրոպացիներին, որոնք հանուն դրա կհանեն պատժամիջոցները:
Սակայն, նշում է «Կոմերսանտ» թերթը, նախագծում, որի արժեքը գնահատվում է 220–240 մլրդ դոլար, մանրամասն նկարագրված են սոսկ «Ատլանտ» տրանսպորտային դիրիժաբլները: Թերթը նշում է, որ «չնայած ճգնաժամին եւ բյուջետի հետ կապված խնդիրներին, ՌԴ-ի կառավարությունը հերթական ֆուտուրիստական մեգանախագծերն է դիտարկում»:
Նախագծի հեղինակների մտահղացման համաձայն, հենց դիրիժաբլները պետք է ապահովեն բեռնահոսքը Հյուսիսային ծովային ուղու եւ Տրանսսիբի միջեւ: Նրանց կարծիքով, 30 մլն դոլար արժողությամբ մեկ դիրիժաբլը կկարողանա փոխարինել հինգ Մի-8 ուղղաթիռի, որոնք այժմ օգտագործվում են Հեռավոր Հյուսիսում:
Որպես «Ատլանտի» նախագծող հանդես է գալիս «Ավգուր» օդագնացության կենտրոնը, որի սեփականատիրոջ անձը թերթին չի հաջողվել ճշտել: Որոշ տվյալներով, նրա բաժնետոմսերի 62,5 տոկոսը պատկանում է Ռուսական օդագնացության ընկերակցության ղեկավար Ստանիսլավ Ֆյոդորովին, այլ տվյալներով` սեփականության կառուցվածքը մասնակիորեն օղակավորված է եւ ներառում է, ի թիվս այլ բաների, կիպրոսյան «Էվերֆար Մենեջմենթ Լիմիտեդը»:
Aviation Explorer պորտալի փորձագետ Վլադիմիր Կարնոզովը հիշեցնում է, որ չնայած դիրիժաբլների եւ օդից թեթեւ այլ թռչող սարքերի առեւտրական օգտագործման մասին դրանց ստեղծման պահից են երազում, առայժմ ոչ մեկին չի հաջողվել նման գաղափարն իրականացնել դրական ֆինանսական արդյունքով:





























