Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը ցանկանում է տեղեկանալ՝ որ փուլում է խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի կալանքը փոխելու վերաբերյալ հարցի քննարկումը ՄԻՊ-ում:

«Օգոստոսի 5-ին Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը նամակով դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով նրա աջակցությունը Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցում: Կեղծ մեղադրանք առաջադրելով՝ վերջիններիս երկու ամսով կալանավորել են, եւ դրանով կաթվածահար է արվել խմբակցության, ինչպես նաեւ «Ժառանգություն» կուսակցական գործունեությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արագ արձագանքեց «Բարեւ Երեւանի» խնդրանքին՝ հայտնելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ: Խնդրում ենք գրավոր տեղեկություն տրամադրել առ այն, թե որ փուլում են քննարկումները, կոնկրետ ինչ քայլեր են արվել Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու ուղղությամբ»,- ասվում է խմբակցության տարածած հաղորդագրությունում: