Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներն այսօր՝ օգոստոսի 12-ին, լքել են դատարանի դահլիճը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փաստաբան Արամազդ Կիվիրյանը միջնորդել է 2-3 շաբաթով հետաձգել դատական նիստը՝ պատճառաբանելով, որ իրենք բողոքարկել են քաղաքացիական հայցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը: Փաստաբանի խոսքով՝ պետք է սպասել Վճռաբեկ դատարանի կայացրած որոշմանը, քանի որ եթե բավարարվի բողոքը, քաղաքացիական հայցը ենթակա է քննման Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Գործով ամբաստանյալ Վալերի Պերմյակովի փաստաբանն առարկեց միջնորդությանը՝ պատճառաբանելով, թե ողջամիտ ժամկետների խնդիր կա: Այս առարկության վերաբերյալ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները փաստեր ներկայացրին: Դատավոր Հարություն Մովսեսյանը, այնուամենայնիվ, մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ նման հետաձգման հիմք չկա: Դրանից հետո տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները լքել են դատարանի դահլիճը:
«Մեր կարծիքով դատարանի գործողությունները ոչ իրավաչափ են, որովհետեւ կողմը պետք է հնարավորություն ունենա՝ իմանալու իր կողմից ներկայացվող քաղաքացիական հայցի վերաբերյալ ինչ դիրքորոշում կա»,- նիստից հետո ասաց Արամազդ Կիվիրյանը՝ նշելով, որ անիմաստ է որեւէ իրավաչափ գործողություն սպասել, առավել եւս, որ իրենց միջնորդությունները մերժվում են:
Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նիստերի դահլիճը լքել են, քանի որ հստակ է դատավարության ընթացքն ու չկա անհրաժեշտություն ներկա գտնվելու նիստերին:
Նշենք, որ մայիսի 27-ին կայացած դատական նիստում քաղաքացիական հայցի միջնորդություն էր ներկայացվել: Պատասխանող կողմը Ռուսաստանի Դաշնությունն է: Հայցի չափը գնահատվում է ընտանիքի չափահաս անդամներից յուրաքանչյուրի համար 50 հազար եվրո եւ 100 հազարական եվրո՝ երեխաներ Հասմիկ եւ Սերյոժա Ավետիսյանների համար: Ծանոթանալով կողմերի կարծիքներին՝ դատավորը հայտարարել էր, որ հաշվի առնելով, որ հայցը ներկայացված է հայերեն, այն անհրաժեշտ է թարգմանել եւ ուղարկել հասցեով, ինչը ժամանակ է պահանջում, դատավարությունը հետաձգվել էր մինչեւ հունիսի 30-ը։ Այդ օրը դատավոր Հարություն Մովսիսյանը մերժել էր Ռուսաստանի Դաշնության դեմ հայցը։ Հատկանշական է, որ դատարանը մեկ ամիս ուսումնասիրում էր տուժած կողմի ներկայացուցիչների միջնորդությունը։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության համաձայն՝ 2015-ի հունվարի 12-ին Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն ու սպանել տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին ու փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին: Հետո նա դանակով հինգ հարված է հասցրել 6-ամսական Սերյոժա Ավետիսյանին: Յոթ օր անց երեխան մահացել էր հիվանդանոցում:





























