Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանին ու նրա կնոջը վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող վարորդ Գեւորգ Գեւորգյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում: Այս մաիսն այսօր` օգոստոսի 12-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր վերջին խոսքում ասաց նա:

«Զղջում եմ տեղի ունեցածի համար: Դատարանին խնդրում եմ հաշվի առնել, որ ես տեխնիկապես հնարավորություն չեմ ունեցել խուսափել վրաերթից, իմ արարքը հանցագործություն չէ, ես ինձ մեղավոր չեմ զգում»,-ասաց նա:

Դատախազն էլ նշեց, որ ամբաստանյալն իր արարքից հետո մեղքի զգացում չունի, չի զղջում իր կատարած արարքի համար, այն դեքում, երբ բազմաթիվ ապացույցներով հիմնավորվել է ամբաստանյալի մեղավորությունը: Դատախազը պահանջեց նրա նկատմամաբ սահմանել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատիժը:

Հիշեցնենք, որ դատախազն իր ճառում պահանջել էր 3,5 տարվա ազատազրկման դատապարտել ամբաստանյալին:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, դատավճիռը կհրապարակվի այսօր:

Նշենք, որ ամուսինները վրաերթի էին ենթարկվել 2015թ. հոկտեմբերի 25-ին: Նրանք գանգուղեղային ծանր վնասվածքներ եւ բազմակի ոսկրային կոտրվածքներ էին ստացել: Հիվանդանոցում օրեր անց Մհեր Մկտրումյանը մահացել էր, կինը մոտ մեկ ամիս անց ապաքինվել, դուրս էր գրվել հիվանդանոցից:

Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):

Ըստ մեղադրանքի նա թույլ է տվել խախտում, հանդիպակաց ուղեմասով ընթացող ավտոմեքենաների լույսերից շլացած վիճակում շարունակել է երթեւեկությունը, ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել ավտոմեքենան, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում չի նկատել Վարդանանց փողոցի 69/5 հասցեի դիմացի ճանապարհահատվածով` իր երթեւեկության նկատմամբ աջից դեպի ձախ փողոցը հատող հետիոտններ Մհեր Մկրտումյանին եւ Գայանե Մադաթյանին, վրաերթի է ենթարկել նրանց:

Գեւորգ Գեւորգյանը պնդում է, որ ինքը հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը, քանի որ հանդիպակաց մեքենայի լույսերը շլացրել են աչքերը եւ տեսանելիությունը վատ է եղել: