Անցած տարվա հոկտեմբերին վրաերթի հետեւանքով մահացած Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանի կինը համաձայն չէ իրեն ու ամուսնուն վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող վարորդ Գեւորգ Գեւորգյանի համար դատախազի պահանջած պատժի հետ: Այսօր` օգոստոսի 12-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գայանե Մադաթյանն ասաց, որ դատախազի պահանջած 3,5 տարվա ազատազրկումը շատ քիչ է նրա համար եւ Գեւորգին պետք է ավելի խիստ պատժի ենթարկել:
«Անգամ նրա վերջին խոսքն էր ձեւական բնույթ կրում, նույնիսկ իր վերջին խոսքը կարդալ չկարողացավ, հստակ չկարողացավ իր միտքն արտահայտեր: Մարդը, որը դեմ է գնում բոլոր մարդկային արժեքներին, պետք է ավելի խիստ պատժի ենթարկվի, եւ կարծում եմ, որ 3.5 տարին շատ չնչին պատիժ է նման մարդու համար»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ դատախազն իր ճառում պահանջել էր 3,5 տարվա ազատազրկման դատապարտել ամբաստանյալին:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, դատավճիռը կհրապարակվի այսօր:
Նշենք, որ ամուսինները վրաերթի էին ենթարկվել 2015թ. հոկտեմբերի 25-ին: Նրանք գանգուղեղային ծանր վնասվածքներ եւ բազմակի ոսկրային կոտրվածքներ էին ստացել: Հիվանդանոցում օրեր անց Մհեր Մկտրումյանը մահացել էր, կինը մոտ մեկ ամիս անց ապաքինվել, դուրս էր գրվել հիվանդանոցից:
Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):
Ըստ մեղադրանքի նա թույլ է տվել խախտում, հանդիպակաց ուղեմասով ընթացող ավտոմեքենաների լույսերից շլացած վիճակում շարունակել է երթեւեկությունը, ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել ավտոմեքենան, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում չի նկատել Վարդանանց փողոցի 69/5 հասցեի դիմացի ճանապարհահատվածով` իր երթեւեկության նկատմամբ աջից դեպի ձախ փողոցը հատող հետիոտններ Մհեր Մկրտումյանին եւ Գայանե Մադաթյանին, վրաերթի է ենթարկել նրանց:
Գեւորգ Գեւորգյանը պնդում է, որ ինքը հնարավորություն չի ունեցել կանխելու վրաերթը, քանի որ հանդիպակաց մեքենայի լույսերը շլացրել են աչքերը եւ տեսանելիությունը վատ է եղել:





























