Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը շարունակում է պահանջել աշխատանքից ազատել Լյովա Երանոսյանին եւ պատասխանատվության ենթարկել նրան: Այս պահանջով այսօր՝ օգոստոսի 12-ին, խմբակցությունը բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
«Արդեն տեւական ժամանակ է՝ շինծու մեղադրանքով ձերբակալվել եւ կալանավորվել են Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը եւ Դավիթ Սանասարյանը, ովքեր փորձում էին խաղաղ ցույցերի միջոցով իրենց իրավունքը իրացնել՝ թույլ չտալով արյունահեղություն ժողովրդի եւ ոստիկանության միջեւ:
«Բարեւ Երեւանը» պահանջում է վերանայել նրանց, ինչպես նաեւ՝ բոլոր քաղբանտարկյալներին առաջադրված մեղադրանքների հիմքերը: Ամբողջ հասարակությունը տեսավ, որ այդ անկարգությունները հրահրվեցին ոստիկանության կողմից, որոնց մեջ իր մեծ լուման ներդրեց Լյովա Երանոսյանը, ում արձակուրդ ուղարկեցին: Մինչդեռ հասարակության պահանջն է, որ տղաների փոխարեն նա հայտնվեր կալանավայրում»,- գրված է բաց նամակում:





























