Հայաստանում վերջերս արձանագրված անկայունությունը իշխանության եւ ամբողջ հասարակության միջեւ աճող խզման վերջին օրինակն է: Այս մասին նշված է Վաշինգթոնի Քարնեգի կենտրոնի Ռուսաստանի եւ Եվրասիայի ուսումնասիրման ծրագրի ավագ գիտաշխատող Փոլ Ստրոնսկու հոդվածում:

Նա գրում է, որ հայերն ավելի ու ավելի են հոգնել առաջնորդների քաղաքական ինտրիգներից, որոնք երկիրը կառավարում են անկախությունից ի վեր: Տնտեսության անկմանը եւ անվտանգության ոլորտում իրավիճակին համաչափ շատերը հարցականի տակ են դնում դեպի Ռուսաստան երկրի վաղեմի կողմնորոշման առավելության հարցը:

Վերլուծաբանը ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ 2013 թվականից սկսած Հայաստանում հաճախակի ընդվզումները ունեն երեք պատճառ. զայրույթ արմատացող օլիգարխիկ համակարգի պատճառով, դժգոհություն քաղաքական եւ տնտեսական կյանքի բոլոր ուղղություններում համատարած կոռուպցիայից, եւ վերջապես այն փաստը, որ երկրի քաղաքական ինստիտուտները եւ առաջնորդները (ինչպես կառավարության պաշտոնյաները, այնպես էլ ֆորմալ ընդդիմության ներկայացուցիչները) ժողովրդի եւ ազգի հաշվին իրենց շահերն են հետապնդում:

«Վերջին ամիսների ընթացքում երկու իրադարձություն խորացրին ստատուս քվոյից հիասթափությունը»,- գրում է Սթրոնսկին: Դրանցից մեկը Սահմանադրության հանրաքվեն էր, երկրորդը Ադրբեջանի հետ չորսօրյա պատերազմը: «Այդ իրադարձությունները մարդկանցից շատերի աչքերում արատավորեցին իշխանությունների իմիջը: Պատերազմն իր հերթին հայկական բանակի մարտական պատրաստականության վրա կոռուպցիայի կործանարար ազդեցության հրապարակային քննադատություն հարուցեց»,- կարծում է հեղինակը:

Նա նշում է, որ Հայաստանի իրադարձությունները մտահոգություն են առաջացնում, քանի որ պատճառը քաղաքական բռնությունն է:

Ընդդիմադիր զինված խմբի կողմից ոստիկանական բաժանմունքի գրոհը եւ ոստիկանության աշխատակիցների սպանություններն ուղղված էին երկրում քաղաքականության փոփոխությանը: «Խումբը մեծ աջակցություն չէր վայելում նախքան գրոհը, պաշտոնատար անձանց պատանդ վերցնելը, նախագահի հրաժարականը պահանջելը եւ Ադրբեջանին որեւէ զիջում կատարելուց հրաժարվելու կոչ անելը»,- գրում է Ստրոնսկին՝ հավելելով, որ նրանց պահանջները հասարակությունը խանդավառությամբ ընդունեց ապրիլյան իրադարձությունների, Բաքվի հետ փոխզիջման գնալու նպատակով Երեւանի վրա ռուսական եւ միջազգային ճնշմամբ պայմանավորված անհանգստության պատճառով եւ այն համոզվածության, որ քաղաքականության վրա ներգործելու միակ ելքը փողոցներ դուրս գալն է:

Վերլուծաբանի պնդմամբ՝ այն, ինչ Հայաստանում տեղի ունեցավ, եզակի երեւույթ չէ, բայց Հայաստանում առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում քաղաքական անկայունությունը, քաղաքական բռնության պատմությունը, տեղական քաղաքական գործիչների դաշինքներում մշտական մեքենայությունները եւ դավաճանությունները, ինչպես նաեւ կառավարության եւ հասարակության միջեւ մշտապես խորացող խզումը:

«Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածության մեծացման, Թուրքիայում քաղաքական անորոշության, ինչպես նաեւ տարածաշրջանում տնտեսական անկման հետ համադրելիս երկիրը կանգնում է ուղեփակոցի առջեւ: Հաշվի առնելով այս բոլոր խնդիրները՝ միջազգային հանրության համար ժամանակն է Հայաստանին եւ հայերին հիշեցնելու հետեւել սահմանադրական կարգին (նույնիսկ եթե այն թերություններ ունի) եւ ուժի կիրառումից ձեռնպահ մնալ»,- եզրափակում է հեղինակը: