Հայաստանում շարունակվող դեֆլյացիան, ամեն ինչից բացի, հանգեցրել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի նվազման: Այսպես՝ երկրորդ եռամսյակում այս ցուցանիշը տարեկան կտրվածքով կրճատվել է 1778 դրամով (կամ 3,8 տոկոսով), արդյունքում՝ բնակչության մեկ շնչի համար ամսական կազմելով 44672,9 դրամ:
Ինչպես հայտնի է, մեզ մոտ նվազագույն սպառողական զամբյուղը որոշվում է պարենային զամբյուղի գները 1,77 գործակցով բազմապատկելու միջոցով: Այսպիսով, երկրորդ եռամսյակում նշված զամբյուղն էժանացել է 3,8 տոկոսով: Սննդամթերքի ի՞նչ խմբեր են դրան նպաստել:
Նախ նշենք, որ հիմնական սննդամթերքներից մեկը՝ կարտոֆիլը կտրուկ թանկացել է (1,4 անգամ): Միջին գների աննշան աճ է նկատվել ոչ ալկոհոլային ըմպելիքների եւ «սննդամթերքի այլ» խմբերում՝ համապատասխանաբար 1,4 եւ 0,2 տոկոսով: Բայց այս թանկացումները ճարպկորեն փոխհատուցվել են սննդամթերքի մնացած ինը խմբերում գների անկմամբ:
Հիշեցնենք, որ նվազագույն սպառողական զամբյուղը հաշվարկված է Համաշխարհային բանկի (World Bank) «մեթոդոլոգիայով»: Ինչպես հայտնի է, միջազգային ֆինանսական այս կառույցը վիթխարի նպատակ է դրել «մինչեւ 2030 թվականը ծայրահեղ աղքատության նիշն իջեցնել 3 տոկոսի…»: Բնական է, որ նկատի ունեն «զարգացող երկրները», որտեղ 1 մլրդ-ից ավելի մարդիկ ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Դե իսկ այդ ուղղությամբ առաջընթացը կորոշվի Համաշխարհային բանկի նույն «մեթոդոլոգիայով» նախատեսված ցուցանիշներով:
Մեր զամբյուղում, օրինակ, մսամթերքի օրական սպառման նորման մեկ շնչի համար կազմում է 48,3 գրամ (որը, ինչպես նշում են մշակողները, որոշվել է մեր երկրի տնային տնտեսությունների ուսումնասիրության հիման վրա): Տարեկան ստացվում է 17,6 կիլոգրամից փոքր-ինչ ավելի: Դա բազմապատիկ անգամ փոքր է ոչ միայն Արեւմուտքի զարգացած երկրների սպառման փաստացի մակարդակից, այլեւ մեր ԵՏՄ գործընկերներ Ռուսաստանի եւ Բելառուսի:
Անցյալ տարի Համաշխարհային բանկը բացարձակ աղքատության շեմը բարձրացրեց մեկ մարդու համար օրական մինչեւ 1,9 դոլար: Եթե դոլարը փոխարկենք ազգային արժույթի, ապա կստացվի ամսական մոտ 27,7 հազար դրամ: Դա ավելի մեծ է մեր պարենային «զամբյուղի» արժեքից, որը բնակչության մեկ շնչի հաշվով ամսական կազմում է 25,2 հազար դրամ: Համեմատությունն, անշուշտ, այնքան էլ պատշաճ չէ, բայց այն մեր պարենային զամբյուղի մասին որոշակի պատկերացում է տալիս:
Սմբատ Գրիգորյան





























