Գյումրեցի 121 դպրոցականներ ներկայումս իրենց ամառային հանգսիտը համատեղում են ծրագրավորման դասընթացների հետ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) եւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (GTC) կողմից իրականացվող «Տեխնո ամառային դպրոցի» շրջանակում: Դասընթացները մեկնարկել են հուլիսի 27-ին եւ տեւելու են մինչեւ սեպտեմբերի 1-ը:

«Տեխնո ամառային դպրոցի» նպատակն է մասնակիցներին ծանոթացնել նորարարական տեխնոլոգիաներին, ծրագրավորման գործիքներին, զարգացնել նրանց մոտ տրամաբանական եւ ալգորիթմային մտածողությունը, ամառային արձակուրդները դարձնել հետաքրքիր ու արդյունավետ:

«Ընդհանուր հաշվով ունենք 121 մասնակից, այդ թվում դպրոցական հանրապետական օլիմպիադայի հաղթողներ, ոսկե մեդալակիրներ: C++, Java եւ Python-ի դասընթացները նախատեսված են ավագ դպրոցի աշակերտների համար, իսկ Ms Office, Inet եւ Kodu դասընթացները՝ 8-15- ների համար: Ծրագրի վերջում երեխաները կունենան բավարար գիտելիքներ ու հմտություններ ՏՏ ոլորտում իրենց դրսեւորելու համար»,-նշում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրեր մենեջեր Մարիամ Նահապետյանը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից հիմնված ինովացիոն գրեթե բոլոր կենտրոններում, այդ թվում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կոնտրոնում, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում, Վանաձորի եւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում, նախաձեռնվել են ամառային դպրոցներ աշակերտների համար:

Նմանատիպ դասընթացների շնորհիվ աշակերտների մոտ առաջանում է հետարքրություն դեպի տեղեկատվական տեխնոլոգիաները. չէ որ հենց երիտասարդներն են ամենավառ ու համարաձակ մտքերի ու գաղափարների, իսկ հետագայում նաեւ տեխնո ծրագրերի ապագա հեղինակները:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից եւ խորհրդատվական ընկերություններից է: Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը շոշափում են ՏՏ ոլորտի զարգացման

յուրաքանչյուր կարեւորագույն ոլորտ: ՁԻՀ-ի նպատակն է Հայաստանում ձեւավորել ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող համապատասխան միջավայր, մատչելի դարձնել միջազգային գիտելիքը եւ ֆինանսավորման աղբյուրները, պատրաստել բարձրակարգ ՏՏ մասնագետներ եւ ղեկավար աշխատուժ, տեղական ընկերությունների համար ստեղծել գլոբալ ցանցերում ընդգրկվելու հնարավորություն: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնությունների շրջանակում, ինչպիսիք են՝ Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, IBM Նորարար լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը, Ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ANEL), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները, Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA) եւ այլն: