Վանաձորում 2013թ. հոկտեմբերին 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանելու մեջ մեղադրվող եւ 2.5 տարի անց ազատ արձակված Կարեն Կունգուրցեւը տուգանվել է 300 հազար դրամով՝ դատախազին վիրավորելու համար:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կունգուրցեւը 2016թ. մարտի 18-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատաքննության ժամանակ, բազմաթիվ անձանց, դատավորի եւ դատական նիստերի քարտուղարի ներկայությամբ, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել եւ վիրավորել դատաքննության մասնակից, մեղադրող դատախազ՝ Վահե Դոլմազյանին՝ իր հիշյալ գործողությամբ դատարանի նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք:

Կարեն Կունգուրցեւին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով: Դատարանը մեղավոր է ճանաչել նրան եւ տուգանել 300 հազար դրամի չափով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների` օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է:

Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար: