«Սասնա ծռեր» խմբի անդամներին հուլիսի 26-ին իր մեքենայով ՊՊԾ գունդ սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը 27 տարի է՝ զբաղվում է փորագրությամբ: NEWS.am-ի հետ զրույցում նրա եղբայրը՝ Արսեն Սարգսյանը, նշեց, որ Արթուրը տարբեր ոճի գործեր է փորագրում՝ զարդատուփեր, փայտե փորագրությամբ ժամացույցներ, արեւային ժամացույցներ, մրգամաններ եւ այլն: Նա նշեց, որ «հաց բերող» Արթուրը Սարի թաղի իր արվեստանոցում 70-ից ավելի աշխատանքներ ունի ՝ ավարտված եւ կիսաավարտ, որոնք ավարտին են հասցնելու ինքն ու Արթուրի ընկերները:
«Արթուրը շատ աշխատանքներ ունի, որոնք փորձելու ենք վաճառել: 70-ից ավելի աշխատանքներ կան Սարի թաղի իր արվեստանոցում, որոնց մեջ կան նաեւ կիսաավարտ գործեր, որոնք ես ու նրա ընկերներն ավարտին կհասցնենք, կամ էլ հուսանք, որ ամեն ինչ այնպես կընթանա, որ նա ազատ կարձակվի եւ ինքնուրույն ավարտին կհասցնի գործերը»,-ասաց նա:
Արթուր Սարգսյանի ընկերներն այսօր «Վերնիսաժում» կազմակերպել են նրա ձեռքի աշխատանքների վաճառք: Վաճառքը կանցկացվի օգոստոսի 13-ին եւ օգոստոսի 14-ին, կներկայացվեն մոտ 42 գործեր:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու համար, նրան կալանավորել են:
Արթուր Սարգսյանը Երեւանի բնակիչ է, մասնագիտությամբ մանկավարժ, երկար տարիներ աշխատել է դպրորցում, այունեհետւ Մանկավարժական համալսարանում՝ դասավանդել ֆիզիկա եւ մաթեմատիկա: Նա նաեւ լավ փորագրիչ է, իր աշխատանքներն է վաճառում «Վերնիսաժում»: Արթուր Սարգսյանն ապրում է միայնակ, ունի դուստր, որը բնակվում է ԱՄՆ-ում: Արցախյան ազատամարտի մասնակից է, այդ տարիներին էլ նա սնունդ է հասցրել առաջին գծում կռվողներին:





























