Արցախում ապրիլի 12-ին ծանր վիրավորված պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Դավիթ Համբարձումովը դեռեւս տեղաշարժվում է հաշմանդամի սայլակի օգնությամբ:
Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում 3 ամիս բուժում ստանալուց հետո Դավիթը կրկին բազմապրոֆիլային հիվանդանոց է տեղափոխվել: Բժիշկների խոսքով՝ նա դեղորայքային բուժման կարիք ունի, իսկ Կարմիր խաչը նման բուժօգնություն չի տրամադրում: Թեեւ բժիշկները սպասում էին, որ նա շուտով գոնե հենակներով կքայլի, մինչեւ այսօր որեւէ փոփոխություն վիճակի մեջ չկա:
Դավիթ Համբարձումովը գլխի շրջանում վիրավորումը ստացել է Թալիշում: Ընկերները եւ հրամանատարը նրան հանել էին գնդակոծվող տարածքից, առաջին օգնություն ցույց տվել, այնուհետեւ տեղափոխել նախ Մարտակերտի, ապա՝ Ստեփանակերտի հոսպիտալ: Դավիթի կյանքին այսօր վտանգ չի սպառնում, սակայն ավելի քան 8 տարի Զինված ուժերում ծառայած երիտասարդին տեղաշարժվել չկարողանալու փաստը շատ է անհանգստացնում. երիտասարդ ընտանիքն ապրում էր Դավիթի աշխատավարձով: Ավելին, նրանք երկու տարի առաջ հիփոթեքով բնակարան էին գնել, դեռեւս 13 տարի էլ պետք է վճարեն: Դավիթի կինը՝ Աշխեն Մովսեսյանը, մոտ 1 ամսից երկրորդ դստերը կունենա, եւ այս պահին չի աշխատում:
Բժիշկ-ռեանիմատոլոգ Անահիտ Խաչատրյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ Ստեփանակերտի հոսպիտալում Դավիթին ռեզեկցիոն տրեպանացիա են կատարել եւ գանգից ոսկրի մի փոքրիկ կտոր են հեռացրել, որպեսզի նվազեցնեն վնասվածքից հետո ներգանգային ճնշումը: Երկար ժամանակ Դավիթն անգիտակից էր, ուղեղում հեմատոմա ուներ , աջ եւ ձախ կիսագնդերին լուրջ վնասվածք. գնդակն անցել էր դրանց միջով:
Նրա վիճակը վատացել էր անգամ վիրահատությունն անելուց հետո եւ որոշվել էր նրան տեղափոխել երեւանյան հոսպիտալ, որտեղ մասնագետները կարողացել էին կայունացնել վիճակը:
Բժիշկների կանխատեսումներով, Դավիթը հազիվ թե 100 տոկոսով վերականգնվի, նրա մոտ որոշ «մնացորդային երեւույթներ» ամենայն հավանականությամբ կմնան եւ գուցե ձախ վերջույթները 100 տոկոսով շարժական չլինեն: Այնուամենայնիվ, բժիշկները վստահ են, որ Դավիթը կկարողանա քայլել եւ վերականգնումից հետո նա կկարողանա վերադառնալ նորմալ կյանքի: Բայց նրա վերականգնումը երկար եւ համառ աշխատանք կպահանջի ինչպես Դավիթից, այնպես էլ մասնագետներից:
































