Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ի ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային զինծառայող Ռոման Հարությունյանին օգոստոսի 20-ին կրկին կվիրահատեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հարազատներից տիկին Զոյան: Նա նշեց, որ Ռոմանին վիրահատելու են Երեւանի ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում. «Վիրահատել էին, ոտքերի մեջ երկաթներ էին դրել, հիմա դրանք են հեռացնելու: Ընդհանուր առմամբ, Ռոմանը համեմատաբար լավ է զգում իրեն, կարողանում է հարազատների օգնությամբ քայլել, տանն է այս պահին»:

Տիկին Զոյան նշեց, որ նույն ավտովթարից տուժած Ռոմանի ավագ եղբայրը՝ Արկադին, արդեն ամբողջությամբ առողջացել է եւ վերադարձել է հին աշխատանքին՝ պայմանագրային զինծառայող է Արցախում:

Հիշեցնենք, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ի ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային երեք զինծառայողներ` Արկադի, Ռուսլան եւ Ռոման Հարությունյանները եղբայրներ են, Արկադին եւ Ռոմանը տարբեր մարմնական վանսվածքներով տեղափոխվել էին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ նրանց երրորդ եղբայրը` Ռուսլանը մահացել էր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 9-ին 23:00-ի սահմաններում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Երեւան-Մեղրի 80-րդ կմ-ում «Օպել» մակնիշի (վարորդ՝ 30-ամյա Կ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մոտ 250 մետր գլորվել է ձորը, ինչի հետեւանքով Կ. Կ.-ը եւ ուղեւոր, 35-ամյա Վ. Ղ.-ը տեղում զոհվել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: