Կառավարությունը մտադիր է 12,5 մլն դոլար հատկացնել Վանաձորին՝ քաղաքի խնդիրները լուծելու նպատակով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, Լոռու մարզ կատարած այցի ժամանակ ասել է Հովիկ Աբրահամյանը:
«Մենք պլանավորել ենք, որ 5 մլն դոլար հատկացնենք Վանաձորի զարգացման ու կարեւորագույն խնդիրների լուծման համար: Մենք կփորձենք նաեւ ճոպանուղու հարցը լուծել, եթե կունենաք հիմնավոր ներկայացված փաստաթուղթ: Փաստորեն, Վանաձորի համար երկու կարեւոր ծրագիր ենք անելու. 5 մլն դոլար՝ քաղաքի կարեւորագույն խնդիրները լուծելու համար եւ եւս 7.5 մլն դոլար՝ աղբահանության խնդրի լուծման համար»,- ասել է վարչապետը, փոխանցում է Լոռիում NEWS.am-ի թղթակիցը:
Նշենք, որ ճոպանուղին հետերկրաշարժյան տարիներին թալանվել է եւ չի գործում: Ճոպանուղու վերագործարկման մասին հարցը վանաձորցիները բարձրացրել էին դեռեւս մեկ տարի առաջ: Այն ժամանակ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ասել էր, որ ռուսաստանաբնակ երկու եղբայրներ հետաքրքված են ճոպանուղու վերագործարկմամբ: Վարչապետը հանձնարարել էր ներդրումային ծրագիր ներկայացնել ու նշել, որ այդ հարցում կառավարությունը եւս կփորձի մասնակցություն ունենալ: Հովիկ Աբրահամյանն այսօր հետաքրքրվեց, թե որն է պատճառը, որ ճոպանուղու ծրագիրը չիրականացավ, Դարբինյանը պատասխանեց՝ պետական աջակցություն էր պետք:
«Սամվելի երազանքը չիրականացավ»,- նկատեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանն այցելեց արդյունաբերական «Ավտոգեն Մ» ձեռնարկություն, որը գազաբոցային սարքեր է արտադրում: Ձեռնարկության սեփականատերերը դժգոհեցին, որ Ռուսաստան արտահանվող արտադրանքի պահանջարկը բավականին մեծ է, սակայն վերջին տարիներին ռուսական ռուբլու կուրսի անկման պատճառով ընկերությւնը խնդիրների առաջ է կանգնել եւ պետական աջակցության կարիք ունի: վարչապետի հարցին, թե կոնկրետ ինչ աջակցություն են ակնկալում, սեփականատերերից Կարեն Գրիգորյանը պատասխանեց. «Կամ վարկը երկարաձգեն, կամ սուբսիդիա տրամադրվի, կամ տոկոսադրույքները իջեցվեն: Մենք էլ կոնկրետ չգիտենք»:
Նշենք, որ այս ընկերությունում աշխատում է 130 մարդ: Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով առաջիկայում հարցը կքննարկվի Էկոնոմիկայի նախարարությունում:
Հիշեցնենք, որ վարչապետն այսօր եղել է նաեւ Լոռու մարզի այլ ձեռնարկություններում:





























