Թուրքիան բաց է թողել «Թուրքական հոսքի» հետ կապված իր հնարավորությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռայեւսկին:

Անդրադառնալով Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքներին՝ թուրքագետը նշում է, որ ռուս-թուրքական հարաբերությունների լավացումը վաղուց ակնկալվող գործընթաց էր: Նա հիշեցնում է, որ տնտեսական հարաբերությունների լիակատար վերականգնման որոշում է ընդունվել, ինչը շատ կարեւոր է:

«Սակայն «Թուրքական հոսքի» մասով թուրքերն արդեն բաց են թողել իրենց հնարավորությունը: Խոսքը խողովակաշարի 4 ճյուղերի մասին էր, սակայն թուրքերը սկսեցին համառել: Այդ գործընթացը սկսվեց հատկապես Հայոց ցեղասպանության տարելիցին Պուտինի՝ Երեւան կատարած այցից հետո, երբ նա ծաղկեպսակ դրեց հուշահամալիրում՝ արտահայտելով իր համերաշխությունը Հայաստանին: Դա բնական է, քանի որ մենք դրան այլ մոտեցում չունենք: Էրդողանը որոշեց դրանից վիրավորվել: Դե, ինչ, դա նրա ընտրությունն էր»,- ընդգծում է Վիկտոր Նադեին-Ռայեւսկին:

Թուրքագետը շարունակում է, որ դրան համապատասխան էլ կազմակերպում էին տնտեսական զանազան կառույցները: «Իսկ վերջնարդյունքում նրանք սկսեցին գազի բավական անհիմն զեղչեր պահանջել, քանի որ առանց այդ էլ համաշխարհային շուկայում գազի գինն ընկել էր: Եվ դրա հիման վրա ասում էին, որ բավական է նաեւ մեկ ճյուղը: Դա ինչով ավարտվե՞ց: «Գազպրոմն» ուղղակի իր մատակարարումները վերակողմնորոշեց «Հյուսիսային հոսք-2» նախագծի ուղղությամբ: Իսկ դա այն ծավալի կեսն է, որը նախատեսվում էր մատակարարել «Թուրքական հոսքով»,- ընդգծում է Նադեին-Ռայեւսկին:

Թուրքագետի կարծիքով՝  Սանկտ Պետերբուրգի բանակցություններում արդեն խոսք էր գնում միանգամայն այլ ծավալի մասին՝ մի ճյուղով Թուրքիա, մեկ այլ ճյուղով՝ Եվրոպա: «Դա արդեն փաստ է: Եվ կարելի է ասել, որ Թուրքիան արդեն չի լինի այն հանգույցը, որը Եվրոպա փոխադրելու համար ռուսական գազը պետք է տեղաբաշխեր լրացուցիչ ճյուղերով: Այնուհետեւ ռուսական կողմը գնաց մի շարք միջոցառումների՝ գազ ստացողները պետք է պայմանավորվեն Եվրահանձնաժողովի հետ՝ նրա էներգետիկ փաթեթի շրջանակում, իսկ մենք պետք է հետեւություն անենք եւ գործենք վերջնարդյունքի համեմատ»,- ամփոփում է Վիկտոր Նադեին-Ռայեւսկին:

«Թուքական հոսք» գազատարը պլանավորվել էր անցկացնել Սեւ ծովի հատակով՝ Անապայից Թուրքիա: Այնուհետեւ Թուրքիայի եւ Հունաստանի սահմանին նախատեսվում էր գազային հանգույցի կառուցում, որտեղից գազն ուղղվելու էր եվրոպական երկրներ: Ռուսաստանի տարածքում գազատարի կառուցման համար նախատեսվում էր օգտագործել նախկինում «Հարավային հոսքի» համար կառուցված ենթակառուցվածքները:

2015-ի նոյեմբերի 26-ին հայտարարվել է, որ Թուրքիայի ՌՕՈւ-ի կողմից ռուսական Սու-24-ի ոչնչացման հետ կապված Ռուսաստանը դադարեցնում է Թուրքիայի հետ մի շարք ներդրումային նախագծերի եւ առեւտրային համաձայնագրերի, այդ թվում՝ «Թուրքական հոսքի» աշխատանքները: Դեկտեմբերի 3-ին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ «Թուրքական հոսք» նախագիծը կասեցված է:

2016-ի հուլիսի 24-ին ՌԴ վարչապետի տեղակալ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ «Թուրքական հոսքը» վերականգնելու Թուրքիայի պատրաստակամության մասին: Ընթացիկ տարվա օգոստոսի 9-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների հանդիպման ընթացքում հայտարարվել է մի շարք էներգետիկ նախագծերի ուղղությամբ փոխգործակցության վերականգնման մասին, այդ թվում՝ «Թուրքական հոսքի»: Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ «Թուրքական հոսք» նախագծի իրականացումը Թուրքիա գազ մատակարարելու մասով կասկածի ենթակա չէ: