Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում օգոստոսի 12-ին երեկոյան 9-րդ հարկից ընկած 36-ամյա Կարեն Միքայելյանը հոգեկան խնդիրներ է ունեցել:

NEWS.am-ի հետ զրույցում նրա հարեւանները պատմեցին, որ երեկոյան շենքի բակում նստած են եղել, երբ Միքայելյանն ընկել է մեքենայի վրա:

«Մենք նստած էինք հարեւաններով, բարձր ինչ-որ մեկին հայհոյում էր, հետո լույսերն անջատեց, մեկ էլ ուժեղ ձայն լսեցինք: Վազեցինք՝ տեսանք, որ Կարենն է ընկել, տնքտնքում է: Արագ «Շտապօգնություն» կանչեցինք, եկան եւ տարան: Մեքենայի տերը, որի վրա ընկել է, մեր շենք հյուր էր եկել: Ամբողջ մեքենան ջարդուփշուր է եղել»,- պատմեցին նրանք:

Հարեւանների խոսքով՝ Կարեն Միքայելյանը հոգեկան խնդիրները ձեռք է բերել զինվորական ծառայության ընթացքում, ինչից հետո զորացրվել է. «Շատ կարգին, խելոք տղա էր մինչեւ բանակ գնալը: Հետո բանակում ինչ-որ ծեծել էին, ծառայությունը կիսատ թողեց՝ եկավ: Դրանից հետո աշխատանքի ընդունվեց, բայց ինչ-որ խնդիրներ էին եղել, աշխատանքից ազատվել էր»:

Կարեն Միքայելյանը մենակ էր ապրում, ծնողները մի քանի տարի առաջ են մահացել:

Նշենք, որ Կարեն Միքայելյանն այժմ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում: