Բյուրեղավանի Glass World Company շշերի գործարանի աշխատակիցների 5 ամսվա աշխատավարձային պարտքը համարյա ամբողջությամբ փոխանցվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Glass World Company-ի աշխատակիցներից տիկին Անահիտը: Նրա խոսքով՝ տնօրինությունը դեռ չի կարողացել ամբողջությամբ վճարել միայն 500 հազար դրամից ավելի  աշխատավարձ ստացող աշխատակիցների պարտքը, իսկ ավելի ցածր աշխատավարձ ստացողների գումարն արդեն ամբողջությամբ փոխանցվել է:

«Համարյա ամբողջությամբ վճարվել է, սակայն այն աշխատակիցները, որոնց ավելի մեծ գումար էին պարտք մնում, դեռ ամբողջությամբ չեն տվել: Նաեւ մի քանի օր առաջ աշխատողներին կանչել, ասել էին, որ կրկին վերաբացվելու է գործարանը, նրանք էլ ասել էին, որ երկրորդ անգամ նույն գետը չեն մտնելու »,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  Glass World Company ընկերության շուրջ 150 աշխատակցի 5 ամսվա աշխատավարձ չի վճարվել: Նրանք գործարանի դիմաց պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ իրենց աշխատավարձերի վճարման պահանջով: