Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ, 61-ամյա Հենրիկ Աղեկյանը, որը հատել է սահմանը եւ հայտնվել ադրբեջանական կողմում, այգեպատ գյուղում եղբոր ընտանիքի հետ է բնակվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Այգեպատի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը:

«Ինքը միայնակ է, ընտանիք չունի, եղբոր ընտանիքի հետ է ապրում: Գնացել են դաշտ, եկել, տեսել են՝ չկա: Զանգել են էս կողմ, էն կողմ, չեն գտել»,- ասաց գյուղապետը:

Գյուղապետը պատմեց, որ նա խնդիրներ ունի հոգեկան առողջության հետ կապված, հաճախ հիշողության կորուստ է ունեցել: Սա առաջին դեպքը չէ, որ Աղեկյանը օրերով անհետանում է:

«Մի քանի դեպք եղել է: 2-3 օրով կորել է, գնացել, գտել, բերել են»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ Հենրիկ Աղեկյանը հայտնվել է ադրբեջանական կողմում:

«Ճշտումներ են կատարվում, թե ինչ հանգամանքներում է նա հայտնվել այնտեղ: Ըստ որոշ տեղեկությունների՝ Աղեկյանը գտնվում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում»,- ասել էր Արմեն Կապրիելյանը:

Կապրիելյանի խոսքով՝ Կարմիր խաչը որեւէ պաշտոնական տեղեկատվություն դեռ չի տրամադրել: