Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ արված Հայաստանի ՀՆԱ 10–տոկոսանոց աճի  մասին հայտարարությունները ոչ մի  կապ չունեն իրականության հետ։ Այս մասին օգոստոսի 15-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Նրա խոսքով՝ այդ թիվը «հաճելի մոլորության մեջ է գցել» ինչպես ռուս, այնպես էլ հայ մասնագետներին։  «Դա չի խոսում այն մասին, որ նախագահները չեն տիրապետում վիճակագրական տվյալներին։ Դա ցույց է տալիս, որ նրանքպարզապես թքած ունեն այդ թվերի վրա։ Կարող էին ասել 20 տոկոս, 30 տոկոս, դա ոչ մի նշանակություն չէր ունենա»,– ընդգծել է Բոստանջյանը։

Ըստ տնտեսագետի՝ այդ հայտարարությունը նշան է այն բանի, որ նախագահներն ուզում են դա։ «Նրանք պարզապես տնտեսական թվերի հետ կապված ուրիշ ասելու բան չունեին»,– ասել է Բոստանջյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին՝ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ, Վլադիմիր Պուտինը գոհունակություն էր հայտնել ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի գրանցած 10–տոկոսանոց ՀՆԱ աճի կապակցությամբ։