«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը մտադիր է առաջիկա օրերին միջնորդություն ներկայացնել՝ պարզելու, թե ինչ զենքից է Պավիկ Մանուկյանը ստացել վնասվածքը:
«Մենք չգիտենք՝ դատաբժշկական եւ դատաձգաբանական համալիր փորձաքննություն նշանակվել է, թե չէ: Առ այսօր մենք չենք ստացել այդ մասին նախաքննական մարմնի որոշումը: Ամեն դեպքում, Պավլիկ Մանուկյանը պատկերացնում է, թե ինչ զենքից են իր վրա կրակել: Պարզ է, որ գնդակը ոտքի մեջ պայթել է եւ ոսկորները փշուր- փշուր արել: Պատերազմ տեսած մարդ է Պավլիկ Մանուկյանը եւ ասում է, որ սովորական ինքնաձիգի կամ գնդացրի գնդակ չի եղել: Այդ գնդակից մեծ վերք է առաջացել, մոտ 40 կար են դրել»,- NEWS.am-ի թղթակցին ասաց նրա փաստաբանը:
Ըստ Հարություն Բաղդասարյանի՝ Պավլիկ Մանուկյանը պատմել է, որ ինքը նման զենք չէր տեսել պատերազմի դաշտում:
Նշենք, որ Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը այժմը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում են, երկուսն էլ դեռ չեն քայլում։ Նրանք ոտքերից վիրավորվել էին հուլիսի 26–ին եւ դուրս բերվել ՊՊԾ գնդի տարածքից։





























