«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը ենթադրում է, որ իր պաշտպանյալի ոտքը կկարճանա:

«Բժիշկների աշխատանքից չենք դժգոհում ոչ ես, ոչ Պավլիկ Մանուկյանը: Իմ պաշտպանյալին էլ պետք է հասկանալ, որովհետեւ եթե բողոքի բժիշկներից, կնշանակի, որ ինքը քաղաքական պայքարի դուրս չի եկել, այլ իր առողջության համար պայքարի: Պավլիկ Մանուկյանն իր առողջությամբ քիչ է հետաքրքրվում: Որքան մենք ենք հասկանում, ենթադրում ենք, որ ոտքը կկարճանա»,- NEWS.am-ի թղթակցին ասաց փաստաբանը:

Ըստ Հարություն Բաղդասարյանի՝ գնդակը մտել է Մանուկյանի ոտքի մեջ եւ պայթել, ինչի հետեւանքով ոսկորների մի մասը փշրվել է եւ չեն վերականգնվում, հետեւաբար, իրենց դատողությամբ, ոտքը կկարճանա:

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը հիվանդանոց էր ընդունվել հուլիսի 26-ին զույգ ազդրերի հրազենային վնասվածքներով, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածքով։ Կատարվել էր վերքի առաջնային վիրաբուժական մշակում, նաեւ ոսկրի ֆիքսացիա։ Օրեր անց Մանուկյանը տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: