Մինչ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներին կալանավորելը, ԳԱԼԱ, «Ժառանգություն» կուսակցությունները «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի հետ քննարկում էին Գյումրիի քաղաքապետի ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցը։ Սակայն «Ժառանգությունն» այսօր հաղորդագրություն է տարածել Հայաստանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու որոշման վերաբերյալ։ Թեմայի շուրջ NEWS.am-ը զրուցել է Լեւոն Բարսեղյանի հետ։
Պարոն Բարսեղյան, մինչեւ «Ժառանգության» անդամների կալանավորումը, քննարկվում էր Գյումրիի քաղաքապետի ընտրություններին Ձեր, ԳԱԼԱ եւ «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ ցուցակով մասնակցելու հարցը, իսկ այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ «Ժառանգությունը» չի մասնակցելու։ Այսինքն, չեղյալ համարվե՞ց համատեղ մասնակցության հարցը։
Եթե նախկինում համատեղ մասնակցելու հնարավորություն կար, հիմա որքան հասկանում եմ՝ դաշինք չի լինելու։ Իսկ, որ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի եւ Հովսեփ Խուրշուդյանի կալանավորումը ազդելու էր ՏԻՄ ընտրություններում «Ժառանգության» մասնակցության վրա, նման կարծիք հայտնել եմ հուլիսի 30-31-ին, ասել էի՝ իշխանությունը այս միջոցով ջանում է զրկել ՏԻՄ ընտրություններից «Ժառանգությանը» եւ, դժբախտաբար, այդպես էլ եղավ։
Ձեր կարծիքով, ճիշտ չէ՞ր լինի, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաեւ Անահիտ Բախշյանը ի հեճուկս իշխանության շարունակեին քննարկումները եւ մասնակցեին դաշինքով։
Ինձ թվում է՝ իրենք ավելի լավ գիտեն իրենց քաղաքական կամքն ու կարողությունները։ Հասկանում եմ՝ սա միայն կարողությունների հարց չէ, իսկ քաղաքական իմաստով սա կարելի է նաեւ դեմարշ համարել իշխանությունների այլանդակ վարքի դեմ, որովհետեւ այդ մարդիկ ակնհայտորեն քաղբանտարկյալ են, եւ որեւէ հանցանշան չկա, որ նրանց հնարավոր լինի մեղադրել այն հոդվածներով, որոնցով մեղադրվել են։
Պարոն Բարսեղյան, հիմա շարունակվո՞ւմ են «Ասպարեզի» եւ ԳԱԼԱ-ի միասնական մասնակցելու քննարկումները։
«Ասպարեզ» ակումբը խնդրում եմ չխառնել քաղաքական գործընթացներին։ Ակումբը հասարակական կազմակերպություն է եւ քաղաքականության հետ կապ չունի։ Կուսակցական կամ ընտրական պայքար «Ասպարեզ» ակումբը երբեք չի մղի։ Խոսքը իմ անձնական մանակցությանը կարող է վերաբերել որպես ավագանու անդամի թեկնածու ինչ որ մի ձեւաչափով։ Պարբերաբար ես հանդիպում եմ ԳԱԼԱ-ի եւ այլ 4-5 կուսակցության ներկայացուցիչների հետ եւ առայժմ նկատում եմ, որ որեւէ դաշինք բացառությամբ «Հանրապետական»-ի եւ «Քրիստոնադեմոկրատական» դաշինքի, այլ դաշինք չի ձեւավորվում։ Առաջիկա օրերը այս իմաստով կլինեն վճռական, որովհետեւ առաջադրումները սկսվում են, եւ տեսականորեն չբացառենք այլ դաշինքները։ Բայց ես դա քիչ հավանական եմ համարում։
Ամեն դեպքում, Ձեր՝ ցուցակը գլխավորելու հարցը դեռ քննարկվո՞ւմ է։
Ես քաղաքապետի թեկնածության հավակնություն չունեմ, դա լրջորեն սահմանափակելու է իմ քաղաքացիական ազատությունները, դա գործադիր պաշտոն է, որը կրողը պարտավոր է աշխատել 40 ժամ՝ որպես գործադիր պաշտոնյա։ Ես իսկապես չեմ կարող՝ հաշվի առնելով իմ զբաղվածությունը, իսկ որպես ավագանու անդամ ուզում եմ լինել իմ չափով իմ նպաստը բերելու քաղաքի զարգացմանը։ Սահմանված է, որ առաջին համարը ավտոմատ համարվում է քաղաքապետի թեկնածու, բայց առաջին համարը կարող է հրաժարվել քաղաքապետի թեկնածու լինել եւ մնալ որպես ավագանու անդամ։ Քաղաքապետի թեկնածու լինելու անդամի թեման փակված է, իմ թեմայով էլ որեւէ քննարկում դեռ չեմ ունեցել կուսակցությունների հետ։ Եթե ինչ-որ մի կուսակցություն, դաշինք լինի, որ գտնեմ, որ խորհրդանշական իմաստով առաջին համարը պիտի լինեմ, կարող եմ քննարկել։ Բայց ես Գյումրի քաղաքի քաղաքապետ չեմ լինելու։





























