Ավարտվում է Ռուսաստանի եւ Հայաստանի Զինված ուժերի միացյալ խմբավորման ստեղծման վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստությունը: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը երկու երկրի պաշտպանության նախարարների միջեւ բանակցությունների արդյունքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին նաեւ առաջարկել է համաձայնագիր ստորագրել ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական իրավիճակի ի հայտ բերման եւ գնահատման ոլորտում փոխգործակցության վերաբերյալ ի շահ երկու երկրի Զորքի միացյալ խմբավորման: Եվ այդ համաձայնագիրը ստորագրվել է
«Դրա իրականացումը թույլ կտա հստակորեն կանոնակարգել այդ ոլորտում համատեղ գործողությունների կարգը եւ խմբավորմանը ժամանակին ապահովել անհրաժեշտ տեղեկություններով», — նշել է Անտոնովը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում Հայաստանը դիտարկում են որպես Անդրկովկասում իրենց դաշնակից եւ առանցքային գործընկեր:
«Մենք հաջողությամբ համագործակցում ենք եւ երկկողմ ձեւաչափում, եւ միջազգային կառույցների, նախ եւ առաջ` ՀԱՊԿ-ի շրջանակում, որտեղ այս տարի նախագահում է հայկական կողմը: Ռազմական գերատեսչությունների գծով փոխգործակցության բարձր մակարդակը թույլ է տալիս օպերատիվ կերպով լուծել համագործակցության ընթացիկ առաջադրանքները եւ ժամանակին արձագանքել տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին», — ասել է Անտոնովը:
Նրա խոսքով, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմական ոլորտում ավելի քան 50 պայմանագիր եւ համաձայնագիր է ստորագրվել եւ նորմատիվ իրավական բազայի հետագա զարգացման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է:
«Ձեւավորվել եւ արդյունավետորեն գործում են անվտանգության ոլորտում որոշումների ընդունման մեխանիզմներ, համատեղ ռազմական պլանավորում է իրականացվում», — նշել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը:





























