ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը  դեմ է  առաջարկվող սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին, որով նախատեսվում է ամրապնդել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարման համակարգի նախագահական մոդելը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը:

«Մենք արդեն ասել ենք, որ դեմ ենք:  Փետրվարին մեկնարկած սահմանադրական փոփոխությունների գործընթացին Արցախի քաղաքական ուժերը կողմ արտահայտվեցին, այդ կուսակցությունների մեծամասնությունը կողմ էին սահմանադրական փոփոխություններին: Ապրիլյան պատերազմը այդ կուսակցությունների մոտ տեսակետի փոփոխություն մտցրեց: Ինչ վերաբերում է «Դաշնակցությանը», ապա մենք կարծում էինք եւ հիմա էլ կարծում ենք, որ կառավարման պառլամենտական համակարգի արդյունավետությունն ավելի մեծ է, եւ այն Ղարաբաղում ավելի կիրառելի է»,-ասաց նա:

Դավիթ Իշխանյանի խոսքով՝ Արցախում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու պահանջարկ առաջացավ Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո:

Կիսանախագահական մոդելից նախագահական մոդելին անցում կատարելու տարբերակին կողմ են «ժողովրդավարություն» եւ «Հայրենիք» խմբակցությունները: NEWS.am-ի հետ զրույցում «Հայրենիք» խմբակցության անդամ Ռոմելա Դադայանն ասաց, որ քննարկումները, քաղաքական տեսակետները, խորհրդակցությունները  համոզել են իրենց, որ կիսանախագահական մոդելը ճիշտ է:

«Վերածնունդ» խմբակցության նախագահ Հայկ Խանումյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք դեմ են կառավարման  համակարգի փոփոխությանը, քանի որ մտավախություն ունեն, որ դա կատարվում է իշխանության վերարտադրության նպատակով։