Զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով հուլիսի 29-ին ձերբակալված   «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Հայաստանում պաշտոնապես ընդունված առաջին քաղբանտարկյալն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

«Աժ 6 կուսակցություններից 5-ը մասնակցեցին Արմեն Մարտիրոսյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին: Այսինքն՝ խորհրդարանական կուսակցությունների 85 տոկոսն ասում է, որ Արմեն Մարտիրոսյանը հանցանք չի գործել: Ժողովրդի մեծ մասը չի կարող սխալվել»,-ասաց նա՝ նշելով, որ եթե նա քաղբանտարկյալ է, ապա մյուսները նույնպես քաղբանտարկյալներ են: Լյովա Խաչատրյանը նաեւ նշեց, որ ստորագրահավաքին, որի կազմակերպիչներից մեկն էլ ինքն էր, ընդամենը 15 պատգամավոր էր ստորագրել տեխնիկական պատճառներով:

Նրա խոսքով, հուլիսյան դեպքերից հետո կալանավորվածները բոլորն էլ շուտով ազատ կարձակվեն, քանի որ հանցանք չեն գործել:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ի երեկոյան Խորենացի փողոցում եւ Սարի թաղում ոստիկանությունն ուժային գործողությունների է դիմել: ՊՊԾ գնդի առջեւ գտնվող տարածքը (Սարի թաղ) ազատելու մասին նախազգուշացումից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, հարձակվել մարդկանց վրա։ Պաշտոնական տվյալներով, 73 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոցներ: Ակցիայի ընթացքում նաեւ բազմաթիվ լրագրողներ են տուժել: