«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը հայտնում է, որ Սանասարյանը կալանավայրից իր փաստաբանի միջոցով կոչ է հղել ժողովրդին միասնաբար հորդորել զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը, որը շարունակվում է արդեն 18 օր։
«Հարգելի՛ ընկերներ, գիտեմ, որ այս պարագայում ձեզանից շատերն են անհանգստացած Անդրիասի առողջական վիճակով, սակայն անջատ-անջատ կոչեր անելն ու անհանգստանալն այս գործում ոչ մի օգուտ չեն բերի:
Ուստի, կոչ եմ անում` միավորվել Ազատության հրապարակում, և համախմբված և մարդաշատ հրապարակով դիմել Անդրիաս Ղուկասյանին, որպեսզի նա դուրս գա հացադուլից և պայքարի իր բաժին էստաֆետը ժամանակավորապես հանձնի ձեզ»,– ասվում է կոչում։
Ավելի վաղ հացադուլը դադարեցնելու կոչով Անդրիաս Ղուկասյանին դիմել էր նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։





























