Մենք չենք ներելու Սերժ Սարգսյանի հետ խաղեր տվածներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Արմեն Մարտիոսյանին, որն ավելի վաղ ասել էր, որ անընդունելի է համարում Սարի թաղի բողոքի ակցիաների ժամանակ իր ասածների վերաբերյալ Փաշինյանի մեկնաբանությունները:
«Բազմահազարանոց՝ եւ միլիոնանոց դառնալու պոտենցիալ ունեցող շարժումը զրոյացրած եւ այսպիսով Սերժ Սարգսյանին անգնահատելի ծառայություն մատուցած փսեվդոխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանի փոխարեն ես կլռեի:
Սա վերաբերվում է ոչ միայն նրան: Իսկ եթե խոսել՝ խոսակցությունը լինելու է բաց եւ մինչեւ վերջ: Ու որեւէ մեկը չմտածի, թե իր որեւէ կարգավիճակի բերումով դուրս է մնալու այդ խոսակցությունից:
ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակում ներգրավված յուրաքանչյուր գործչի ամեն ասածն ու արածը, ասածի ու արածի համապատասխանությունը պետք է քննվի եւ գնահատականները պետք է լինեն համարժեք:
Հ.Գ. Ասել եմ, ու էլի կասեմ՝ քաղաքականությունը հասկացողների եւ ոչ թե չհասկացողների զբաղմունք է: Նաեւ՝ մենք չենք ներելու Սերժ Սարգսյանի հետ խաղեր տվածներին: Նաեւ՝ վերահաստատում եմ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նախկինում արած բոլոր հայտարարություններս»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այսօր կայացած մամուլի ասուլիսին Արմեն Մարտիրոսյանն ասել էր. «Ես երբեք ինձ թույլ չեմ նման հարցեր բարձրացնել մարդկանց ձերբակալության կապակցությամբ: Բայց նա այնպիսի բառեր է ասում, որոնք, ըստ էության, իրենց ցուցմունքներում գրել են ոստիկանները եւ որոնք չեն համապատասխանում իրականությանը: Ես երբեք ցանկություն չեմ ունեցել մարդկանց ուղարկել Ոստիկանության գրավված ՊՊԾ գնդի մոտ: Երբ ասում եմ, որ ժողովուրդը պետք է միանա «Սասնա ծռերին», կարելի է հասկանալ, օրինակ, որ ես նկատի ունեմ, որ ժողովուրդը պետք է նրանց սոսնձվի սուպերսոսնձով»:





























