«Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանի ընկերներն այսօր՝ օգոստոսի 20-ին, «Վերնիսաժում» կրկին կազմակերպել են նրա ձեռքի աշխատանքների վաճառք:

NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Սարգսյանի ընկերներից Արմեն Խաչատրյանը նշեց, որ քաղաքացիները վաղ առավոտից «Վերնիսաժ» են գալիս՝ Արթուր Սարգսյանի գործերը գնելու նպատակով. առավոտից մինչեւ այժմ արդեն վաճառվել է 8 աշխատանք:

«Դեռ 12 աշխատանք կա, որ վաճառվի։ Վաճառքը կտեւի մինչեւ բոլորը վաճառվեն։ Հիմա հետաքրքվածությունը շատ է, գալիս են հատուկ Արթուրի աշխատանքներն են հարցնում՝ զարդատուփ, ժամացույց, նկարներ են գնում»,- ասաց նա:

Վաճառքից ստացված գումարը փոխանցվելու է հատուկ բացված հաշվեհամարին, որպեսզի հետագայում, երբ Արթուրը ազատության մեջ լինի, տնօրինի այն իր հայեցողությամբ:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 27 տարի է՝ զբաղվում է փորագրությամբ: Արթուրը տարբեր ոճի գործեր է փորագրում՝ զարդատուփեր, փայտե փորագրությամբ ժամացույցներ, արեւային ժամացույցներ, մրգամաններ եւ այլն:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու համար, նրան կալանավորել են:

Արթուր Սարգսյանը Երեւանի բնակիչ է, մասնագիտությամբ մանկավարժ, երկար տարիներ աշխատել է դպրոցում, այունեհետւ Մանկավարժական համալսարանում՝ դասավանդել ֆիզիկա եւ մաթեմատիկա: Նա նաեւ լավ փորագրիչ է, իր աշխատանքներն է վաճառում «Վերնիսաժում»: Արթուր Սարգսյանն ապրում է միայնակ, ունի դուստր, որը բնակվում է ԱՄՆ-ում: Արցախյան ազատամարտի մասնակից է, այդ տարիներին էլ նա սնունդ է հասցրել առաջին գծում կռվողներին: