«Կալաշնիկով» կոնցեռնը 5,45 մմ տրամաչափի, փոխվող փողով ՌՊԿ-16 ձեռքի թեթեւ գնդացիր է պատրաստել, որը կարող է նաեւ որպես հարձակողական  հրացան օգտագործվել: ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս մասին հայտնել է կոնցեռնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Կրիվորուչկոն:

«Այո, այդպիսի աշխատանքներ իրականացվում են: Արդի ռազմական հակամարտությունների փորձի հիման վրա մենք մշակել ենք 5,45 մմ տրամաչափի ձեռքի թեթեւ ՌՊԿ-16 Կալաշնիկով գնդացիր: Գնդացրի զանգվածը, չափերը, դիպուկությունը եւ ունիվերսալությունը հաշվի առնելով՝ այն  այլընտրանք չունի»,- ասել է նա

Նրա խոսքով՝ արտադրանքի կառուցվածքը թույլ կտա փողը փոխել՝ այն եւ՛ որպես ձեռքի գնդացիր օգտագործելու համար (երկար փող), եւ՛ հարձակողական հրացան (կարճ փող):

«Դրա համար հատուկ փամփշտակալ ենք մշակել՝ 96 փամփուշտով, որը կարող է օգտագործվել նաեւ Կալաշնիկով ինքնաձիգի համար: Մենք հուսով ենք, որ այն զինվորականները կհավանեն եւ կցանկանան պատվեր կատարել»,- հավելել է կոնցեռնի գլխավոր տնօրենը:

Նա նաեւ նշել է, որ նորույթը կցուցադրեն «Բանակ-2016» ռազմա-տեխնիկական միջազգային ֆորումում, որը սեպտեմբերի 6-ից 11-ը տեղի կունենա մերձմոսկովյան «Պատրիոտ» այգում: