ՆԱՏՕ-ի միջազգային գումարտակը` Կանադայի ղեկավարությամբ, կարող է Լատվիա ժամանել եկող տարվա գարնանը, ԼԵՏԱ-ին տված հարցազրույցում պատմել է Կանադայում Լատվիայի դեսպան Կառլիս Էյխենբաումսը: 

Դեսպանը նշել է, որ այն բանից հետո, երբ հուլիսի սկզբին Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթնաժողովին հայտնել է, որ Կանադան պատրաստ է կարեւոր դեր ստանձնել եւ գլխավորել Լատվիայում դաշինքի ուժերը, պետության անվտանգության ամրապնդման գործում վերջինիս նշանակությունը բազմակիորեն աճել է: 

Պաշտպանության նախարար Ռայմոնդ Բերգմանիսի հետ արդեն բանակցություններ են ընթացել այն մասին, ինչ լատվիացի դիվանագետները կկարողանան անել, որպեսզի գումարտակի ստեղծումը եւ տեղաբաշխումը առավելագույնս սահուն ընթանա:  Այդ հարցի վերաբերյալ ավելի մեծ հստակություն կլինի առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում: 

Այն հարցին, թե ճշգրիտ երբ ՆԱՏՕ-ի գումարտակը Լատվիա կգա, դեսպանն ասել է, որ ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա, երբ  «ձյունը հալվի»: «Կարծում եմ` դա կարող է լինել գարնանը, բայց անպայման տարվա առաջին կեսին: Դա մանրազնին կերպով կպլանավորվի եւ հստակորեն հայտնի կդառնա շատ շուտով` աշնանը», - ասել է Էյխենբաումսը: