Պարզվել են Ղրղզստանում Չինաստանի դեսպանատան տարածքում  ահաբեկչական գործողության կազմակերպիչները եւ կատարողները,  հայտնում է   Sputnik-Ղրղզստանը` վկայակոչելով ՂՀ-ի Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությանը: Հատուկ ծառայությունները պարզել են, որ ահաբեկչական գործողության պատվիրատուներն են Սիրիայում գործող ույգուրական խմբավորումները, որոնք կապված են  «Ջաբհաթ ան-Նուսրա» կազմակերպության հետ:

Սեպտեմբերի 6-ին պարզվել է այն անձանց շրջանակը, որոնք կապ ունեն հանցագործության կատարման հետ:   

Մահապարտ ահաբեկիչը, որն իրականացրել է գործողությունը, Սիրիայում «Արեւելյան Թուրքեստանի իսլամական շարժում» (ԱԹԻՇ) խմբավորման անդամ էր եւ Տաջիկստանի քաղաքացու անձնագիր ուներ 1983-ին ծնված Զոիր Խալիլովի անունով: Հինգ մարդ ձերբակալվել է, չորսը հետախուզման մեջ են: Հետաքննության տվյալներով, նրանք թաքնվում են Թուրքիայում: 

Հիշեցնենք, օգոստոսի 30-ին, մոտ 9.30-ին Ղրղզստանում Չինաստանի դեսպանատան մոտակայքում մահապարտ-ահաբեկիչը, մեքենայով խոյահարելով դարպասը, իրեն պայթեցրել էր տրանսպորտային միջոցի հետ միասին: Արդյունքում ահաբեկիչը տեղում զոհվել է, դեսպանատան պահակախմբի երկու աշխատակից վնասվածքներ են ստացել: