Հայաստանում տնտեսական զարգացման բացակայությունը, ժողովրդավարացման անբավարար աստիճանն ու միգրացիայի բարձր մակարդակը ավելացնում են Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Այս մասին, Հայաստանում վերջին զարգացումների եւ դրանց հնարավոր աշխարհաքաղաքական հետեւանքների վերաբերյալ Վաինգթոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ նշել է ԱՄՆ-ի նախկին դեսպան, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթը:
Քննարկումը կազմակերպել են Policy Forum Armenia-ն եւ Ջորջ Վաշինգթոնի համալսարանի իրավունքի դպրոցը:
Հերբսթի խոսքով, ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը եւ Հայաստանի «գլխավոր աշխարհաքաղաքական դաշնակից» Մոսկվայի հռչակված դերն ազդում են Հայաստանի զարգացման տարբեր ուղղությունների ձեւավորման վրա:
«Ներքաղաքական ոլորտում «կոնսերվացված» կայունությունը հետեւանք է ոչ միայն անարդար ընտրությունների, այլեւ՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության գիտակցված ընտրության, քանի որ քաղաքացիների կողմից կառավարության քաղաքականությանը լուրջ դիմադրություն նախկինում չէր նկատվում»,-ասել է նա ու հավելել, որ ի տարբերություն մի շարք այլ հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի, որոնք տարբերվում են կայացած քաղաքացիական հասարակությամբ, Հայաստանը անկախացումից հետո ԱՄՆ-ից մեկ շնչի հաշվով ստանում էր ավելի մեծ ֆինանսական օգնություն եւ կարող էր ավելի մեծ ջանքեր գործադրել քաղաքացիական հասարակության զարգացման համար. «Այս առումով, Արեւմուտքն իր կողմից Հայաստանին ցուցաբերել է լուրջ աջակցություն, մնացածը հայ հասարակության անելիքն էր»:
Անդրադառնալով այս տարվա հուլիսին «Սասնա ծռերի» գործողությանը, Հերբսթը նշել է, որ դա ոչ միայն Սերժ Սարգսյանի իշխանության դեմ բողոքի դրսեւորում էր, այլեւ ԼՂ հարցում Ռուսաստանի վերջերս դրսեւորված դիրքորոշման դեմ արտահայտված բողոք: Հետեւաբար, ըստ Հերբսթի, եթե շարժումը «պահպանվի եւ ապագայում առավել զարգանա, այն կնպաստի ոչ միայն Հայաստանում ներքին քաղաքականության, այլեւ՝ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի փոփոխմանը»:
Միաժամանակ, Ջոն Հերբսթը կարծում է, որ փոփոխություն հնարավոր կլինի արձանագրել այն դեպքում, եթե Հայաստանը պատրաստ լինի փոխզիջումների գնալ Ղարաբաղի հարցում: Ըստ դեսպանի, դրական փոփոխություններ տեղի կունենան «միայն եթե ԼՂ-ի շուրջ փոխզիջման պատրաստակամություն լինի, բայց ոչ թե այնտեղ ապրող հայերի իրավունքների, այլ՝ տարածքների պատկանելիության վերաբերյալ»։ «Նման փոխզիջումը Հայաստանի համար կբացի նոր հնարավորություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման գործում եւ կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա»,-ավելացրել է Հերբսթը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի այն պնդումներին, թե ԱՄՆ-ն ճգնաժամ է հրահրում հետխորհրդային երկրներում, օրինակ Վրաստանում եւ Ուկրաինայում, Մոսկվայի շահերին վնասելու նպատակով, ապա, ըստ դեսպանի, դրանք իրական կլինեին միայն այն դեպքում, եթե հետխորհրդային երկրների ժողովուրդները մտածեին, թե ինքնուրույն իրավունք չունեն որոշելու սեփական ապագան: «Դա իրենց ընտրությունն է եղել։ Այդ երկրները օգտվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի ծրագրերից իրենց քաղաքացիական հասարակությունը զարգացնելու եւ իրենց քաղաքական կուսակցություններին ավելի մրցունակ դարձնելու նպատակով, իսկ Ռուսաստանի արձագանքը այն է, որ մենք ենք որոշում, թե ինչպես այդ երկրները պետք է ապրեն։ Այստեղ ոչ մի տրամաբանություն չկա», - ավելացրել է Ջոն Հերբսթը։
Քննարկման մասնակիցներից Ազգային պաշտպանության համալսարանի փորձագետ, դասախոս Էնդրյու Նովոն էլ նշել է, որ հուլիսյան զարգացումները կարող են տարբեր հետեւանքներ ունենալ. դրանցից մեկն այն է, որ դրանք կարող են երկրում ամրապնդված քաղաքական կայունությունը վերածել «ավելի խորը բողոքի»: Այդ դեպքում հետեւանքները կլինեն այնպիսին, ինչպիսին եղան Թուրքիայում՝ ձախողված հեղաշրջման փորձից հետո։ Իրադարձությունների հնարավոր այլ հետեւանքներից է առավել ծավալուն հակամարտության բռնկումը Ղարաբաղում, ինչը չի բխում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ ԱՄՆ շահերից, քանի որ «անկայունությունը կարող է սրվել եւ դառնալ ինքնաբուխ, ինչը տեղի ունեցավ Իրաքում, Սիրիայում եւ Արեւելյան Թուրքիաում․ նման հակամարտությունները կարող են դառնալ ծայրահեղականության աղբյուր»։
«Վերջապես, ընդդիմության հիասթափությունը կարող է հանգեցնել իրենց կողմից ձեռնարկվող հստակ գործողությունների դադարեցմանը, ինչը տեղի է ունենում այսօրվա Ռուսաստանում»,-նշել է փորձագետը: Նովոյի կարծիքով, իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանում կհաստատվի ավտորիտար ռեժիմ, ինչը Երեւանը Մոսկվայից առավել կախվածության մեջ կդնի։ Իրականում, Հայաստանը եւ Հարավային Կովկասը գտնվում են խոցելի վիճակում եւ միայն առավել արդյունավետ ներքին քաղաքականությունը կարող է նպաստել տարածաշրջանում ճգնաժամի հաղթահարմանը, ավելացրել է փորձագետը:




























