Մի–38 բազմաթիրախային միջին բեռնաբարձման ուղղաթիռի ռազմական տարբերակը կստեղծվի 2018-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը։
«Ուղղաթիռի տեխնիկական մասն արդեն հաստատվել է ՊՆ ղեկավարության եւ հոլդինգի մասնագետների կողմից։ Իսկ մեքենայի վերազինման բոլոր աշխատանքների անցկացումը կավարտվի 2018–ին»,– ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
Հոլդինգը պլանավորում է Մի–38-ի բազայի վրա ստեղծել մոդիֆիկացիաների լայն սպեկտր՝ տարհանող ուղղաթիռ, որոնողա–փրկարարական ուղղաթիռ, տրանսպորտա–դեսանտային ուղղաթիռ, արկտիկական մոդիֆիկացիա։
«ՊՆ–ի հետ համատեղ մենք թռիչքային փորձարկումներ կանցկացնենք, որոնց ընթացքում կստուգենք, թե որքանով է մեքենան համապատասխանում բանակին։ ՌԴ ՊՆ–ի համար նախատեսված Մի–38 ուղղաթիռի մոդիֆիկացիաները հագեցած են լինելու բացառապես հայրենական արտադրության ագրեգատներով եւ լրակազմերով»,– ընդգծել է «Ռուսաստանի ուղղաթիռների» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը։
Մի–38-ը միջին բեռնաբարձման բազմաթիրախային ուղղաթիռ է՝ հագեցած նոր գերխնայող ՏԲ7-117Բ շարժիչներով։



























