Անշարժ գույքի հարկումը Հայաստանում պետք է ավելի արդարացի լինի: Այս մասին հայտարարեց Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի (AmCham) նախագահ Տիգրան Ջրբաշյանը՝ ներկայացնելով Պալատի մշակած Հարկային օրենսգրքի այլընտրանքային տարբերակը:
Անշարժ գույքի կադաստրային արժեքը, որից հաշվարկվում է դրա գույքահարկը, ըստ Ջրբաշյանի, պետք է շուկայական գնին ավելի մոտ լինի:
Նա նշեց, որ Պալատը հարցում է կատարել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե եւ այնտեղից տեղեկանք ստացել, որ Երեւանում 150 մլն դրամ եւ ավելի կադաստրային (ոչ շուկայական) արժեքով կա ընդամենը 5 միավոր անշարժ գույք:
«Պետք է հարկման բազան դարձնել ավելի արդարացի եւ ավելացնել բյուջեի եկամուտները»,- հավելեց Ջրբաշյանը:
Կարելի է մտածել շքեղության հարկի մասին՝ շատ թանկ անշարժ գույքի համար: «Այս առաջարկը մենք չենք ընդգծում, սակայն կարծում ենք՝ այն կարելի է ընդունել քաղաքական կամքի առկայության դեպքում»,- ասաց նա:
Մյուս կողմից՝ 0%-ական գույքահարկի վերին շեմը կարելի է բարձրացնել, որպեսզի դրանից օգտվեն հնարավորինս շատ անապահով ընտանիքներ:
Վերջապես, առաջարկվում են տուգանքներ կիսակառույցների, ինչպես նաեւ արտադրական, բայց ըստ նպատակի չօգտագործվող օբյեկտների սեփականատերերի համար (որպեսզի վերջիններս կա՛մ իրենք արտադրություն կազմակերպեն, կա՛մ վաճառեն արտադրամասն այնտեղ աշխատել ցանկացողներին):



























