Ավստրալիայի գիտնականները պարզել են, որ 25 տարում երկրագնդի վրա վայրի բնության մասշտաբները կրճատվել են 10 տոկոսով, գրում է Current Biology պարբերականը: Մասնագետներն իրենց եզրահանգումները հիմնում են Վայրի կենդանիների պահպանության ընկերակցության ստացած տվյալների վրա: 

Նրանք 90-ական թվականների բնական լանդշաֆտների, էկոհամակարգերի, կենսա եւ էկոբազմազանության քարտեզները համեմատել են վերջին տվյալների հետ: Պարզվել է, որ դեռեւս  25 տարի առաջ երկրագնդի վրա վայրի բնությունը մոտ  33 տոկոս էր կազմում: Բայց մեր օրերում այդ ցուցանիշն ընկել է մինչեւ   23 տոկոս:

Մասնագետները մտավախություն ունեն, որ եթե արագ կարգով ոչ մի վճռական միջոց ձեռք չառնվի, վայրի բնության կրճատումը տեղի կունենա էլ ավելի բարձր տեմպերով: Եվ արդեն մի քանի տասնամյակ անց կմնան վայրի բնության փոքրիկ անկյուններ միայն: 

Գիտնականները զգուշացնում են, որ բնությունը մահանում է ոչ միայն անմիջապես մարդու ձեռքից: Այն մասնակիորեն տառապում է նաեւ կլիմայական փոփոխություններից, որոնց պատճառը արդյունաբերության զարգացումը եւ աճն է:  Հետազոտության հեղինակների տվյալներով, անվնաս են մնացել այն գոտիները, որոնք օրենսդրական մակարդակում պաշտպանված են եղել  մարդու ոտնձգություններից: Այդ պատճառով տարբեր արգելոցների եւ ազգային պարկերի ստեղծումը նրանք վայրի բնության պահպանության ամենաարդյունավետ միջոցներից մեկն են համարում: