Իտալացի քաղաքական գործիչ, Forza Italia կուսակցության փոխնախագահ Էլվիրա Սավինոն նոր օրինագիծ է առաջարկել, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում՝ ընդհուպ մինչեւ 6 տարի ժամկետով ազատազրկում, այն ծնողների համար, ովքեր իրենց երեխաներին բուսակերություն են պարտադրում:

Էլվիրա Սավինոն ասել է, որ մինչեւ 16 տարեկան այն երեխաների ծնողները, որոնք նրանց խիստ դիետան են պարտադրում, պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ երեխայի առողջությանը պոտենցիալ վնաս հասցնելու համար: Քաղաքական գործիչը կարծում է, որ բուսակեր երեխաներն անհրաժեշտ վիտամինների եւ հանքանյութերի բավարար քանակ չեն ստանում, մասնավորապես՝ երկաթի, ցինկի եւ В12 վիտամինի, ու հաճախ քաղցած են մնում: Kedem-ի տեղեկություններով՝ ներկայումս բուսակերությունը Իտալիայում քննարկվող թեժ թեմաներից մեկն է. երկրի բնակչության 8 տոկոսը բուսակեր է

Սավինոյի խոսքով՝ հիմնական հանցագործության կատարման համար ծնողները պետք է 1 տարվա ազատազրկման դատապարտվեն, եթե երեխային մշտապես բուսակերություն են պարտադրում՝ 2,5 տարվա ազատազրկման, եթե երեխան մահանում է բուսակերության դիետայից՝ մինչեւ 6 տարվա ազատազրկման: Այդուհանդերձ, փորձագետները կարծում են, որ ճարպերի եւ շաքարի մեծ պարունակությամբ սնունդը, որն այդքան տարածված է այսօր, ավելի մեծ մտահոգություն է առաջացնում:

Օրինագիծը ներկայացվել է վերջերս Իտալիայում տեղի ունեցած աղմկոտ դեպքերից հետո: Այսպես՝ անցյալ ամիս 14 ամսական տղան Միլանում հիվանդանոց էր տեղափոխվել, քանի որ ընդամեն 5 կգ էր կշռում եւ սարսափելի հյուծված էր բուսակերային խիստ դիետայի պատճառով: Երեք ամիս առաջ Ջենովայում 2 տարեկան մի աղջիկ տեղափոխվել էր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք՝ բուսակերության հետեւանքով B12 վիտամինի սուր պակասի պատճառով: